Իսպանիայում հանրային վայրերում դիմակ չկրելու համար մինչև 100 եվրո տուգանք կսահմանվի

Իսպանիայում բարձր պատրաստության ռեժիմի չեղարկումից հետո տրանսպորտում, հիմնարկություններում, խանութներում, ուսումնական հաստատություններում, ինչպես նաև փողոցում, եթե հնարավոր չէ իրարից 1,5 մետր հեռավորության վրա գտնվել, դիմակ կրելը շարունակելու է պարտադիր լինել․ պաշտպանիչ այս միջոցները չկրողներին մինչև 100 եվրո տուգանք է սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Իսպանիայի կառավարությունը երեքշաբթի օրենք է ընդունել, որը որոշում է այն բոլոր սանիտարական նորմերը, որոնք գործելու են «նոր կենսակերպի» պայմաններում․ դրանցից մեկն էլ հենց մինչև 100 եվրո տուգանքի սահմանումն է, եթե անձը դիմակ չի կրում տրանսպորտում, կամ այն վայրերում, որտեղ հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահել։

«Ուժի մեջ են մնում նաև աշխատավայրում, ուսումնական հաստատություններում, հիվանդանոցներում, հյուրանոցներում, առևտրային և այլ կազմակերպություններում հիգիենայի պահպանման բոլոր միջոցառումները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան և հավելել, որ այդ միջոցառումները գործելու են մինչև կորոնավիրուսի դեմ արդյունավետ բուժման եղանակի կամ պատվաստանյութի հայտնաբերումը։

Երկրի ինքնավար համայնքները պարտավոր են առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների մասին տեղյակ պահել առողջապահական համակարգին, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, երաշխավորել, որ բժշկական հաստատություններում կորոնավիրուսի կասկածով բոլոր հիվանդներն անհրաժեշտ թեստերն անցնում են, բժշկական անձնակազմի բավարար թվով անդամներ ապահովել: Օրենքի համաձայն՝ ծերանոցները հակահամաճարակային աշխատանքները պետք է բժշկական կենտրոնների հետ համակարգեն։

Նշվում է, որ այս օրենքը դեռևս պետք է հաստատվի Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների կոնգրեսի կողմից։

Հիշեցնենք, որ Իսպանիան կորոնավիրուսային համավարակից ամենաշատ տուժած երկրներից է։ Վերջին տվյալների համաձայն՝ այստեղ հաստատվել է վարակման 288 797 դեպք, որից 27 136-ը՝ մահվան ելքով: