ՀՔԾ պետի ու ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը բացահայտված է, բայց քրգործի քննությունը դեռ չի ավարտվել. արտասահմանյան գործընկերներին քննչական պահանջ է ներկայացվել. ՔԿ նախագահ

Այդ գործը, ըստ էության, բացահայտված է, սակայն քրեական գործը դեռ քննության փուլում է, չի ավարտվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է ՀՔԾ պետի ու ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը:

«Ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք: Վանեցյանն այդ դրվագով չի առնչվում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ գործով որևէ ձերբակալված անձ չկա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող գործով, քանի որ վերջինս նշել էր, որ չի կարող վերադառնալ՝ ՌԴ-ում կարանտինի մեջ է, Գրիգորյանը պատասխանեց.

«Հայտնի է, որ այդ գործով ունենք ներգրավված 6 մեղադրյալ, որոնց մի մասը հետախուզման մեջ է, մի մասը՝ ոչ: Նախ՝ մենք մեր հերթին կազմակերպել էինք հնարավոր աջակցություն՝ դեսպանի միջոցով Հայաստան ներկայանալու հարցում օժանդակելու համար: Բացի դրանից՝ քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որը սահմանափակումների ընթացքում թույլ էր տալիս անձանց քրեական հետապնդման մարմիններ ներկայանալու համար տան, բակի, շրջանի տարածքը լքել: Սահմանափակում այդ մասով չկար: Այժմ հայտարարված է հետախուզում»:

Հարցին՝ չէի՞ն կարող կանխատեսել, որ Հայրապետյանը կարող էր լքել երկիրը, Գրիգորյանը պատասխանեց, որ նախ՝ Հայրապետյանը դեռ փետրվարից ՀՀ-ում չէ, իսկ ՔԿ-ում գործը հարուցվել է մարտ-ապրիլից: «Ինչ վերաբերում է մի շարք անձանց կողմից ՀՀ տարածքը լքելուն, Սահմանադրությունը նախատեսում է ազատ տեղաշարժի իրավունքը, և անձի տեղաշարժման իրավունքը կարող էր սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Գրավի, կալանքի, այլ խափանման միջոցի կիրառման դեպքում անձի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու իրավունք չունենք: Իսկ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու համար անձը պետք է լինի կա՛մ մեղադրյալ, կա՛մ կասկածյալ»,-պարզաբանեց նա:

Հարցին՝ իշխանության կողմից ստացե՞լ են հանձնարարություն, որ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց մի քիչ «նեղություն» տան, Գրիգորյանը պատասխանեց՝ երբևէ նման հանձնարարություն չի եղել: «2018-ից ի վեր շուրջ 150 հոգի ազատվել է, այդքան էլ ընդունվել է՝ ոչ քաղաքական նպատակներով»,-նշեց նա: