Ո՞վ և ինչպես է արձագանքում Թուրքիայի սադրանքներին

Մենք արդեն հայտնել էինք, որ Սիրիայում լարվածությունն աճում է Թուրքիայի և թուրքամետ ահաբեկիչների ապակառուցողական գործողությունների պատճառով, և որ սրվում է Հունաստանի և Թուրքիայի միջև առճակատումը: Եվ ահա, միջանկյալ ամփոփիչ արդյունք. հունիսի 5-ին, աշխարհի բոլոր առաջատար ԶԼՄ-ները հայտնել են, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ վերջին ժամանակներս Անկարայի պահվածքը Աթենքի նկատմամբ բավականին ագրեսիվ է, և Հունաստանը սադրանք է համարում հունական մայրցամաքային շելֆում նավթ արդյունահանելու թուրքական պահանջները: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց ուզում ենք հասկացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս պաշտպանենք մեր ինքնիշխան իրավունքները»,- ասել է նա Star հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ուղղակի հարցին, թե արդյոք Հունաստանը պատրա՞ստ է պատերազմել Թուրքիայի դեմ, նա պատասխանել է, որ դա հենց այդպես է:

Իհարկե, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հույներին չնչին հնարավորություն անգամ չեն տա` ճիշտ այնպես, ինչպես նրանք 1973 թվականին արգելափակեցին Հունաստանին. երբ Աթենքը Կիպրոսին օգնության էր ուղարկել իր ռազմանավերը, սակայն բրիտանացիներն ու ամերիկացիները կանգնեցրել են հույներին՝ սպառնալով կրակ բացել հունական նավերի ուղղությամբ: Այս առումով շատերը, այդ թվում՝ նաև մեր երկրում, անհամբեր բացականչում են. իսկ ինչո՞ւ Ռուսաստանն ու Իրանը չեն շտապում միանալ հակաթուրքական ճամբարին: Թուրքիայի հանդեպ ատելությունը չպետք է խլացնի ողջամտությունը. «կարճ պարանին պահելով» Անկարային և նույնիսկ համբերատար դիմանալով Թուրքիայի սադրանքներին՝ Ռուսաստանն ու Իրանը գործնականում կառուցում են թուրքերին դիմակայելու իրենց մակարդակները: Նախ՝ Սիրիայում և Լիբիայում: Հատկապես՝ Սիրիայում: Երկրորդ, Մոսկվան և Թեհրանը առանձնապես նրբանկատ չեն Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում: Մենք արդեն գրել ենք, թե որքան մեղմ, և միևնույն ժամանակ կոշտ է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահման Ֆազլին «խորհուրդ տվել» Անկարային «զբաղվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերով» (իրանական գազի մատակարարումը Թուրքիա) և թե որքան մանրամասն է նկարագրել թուրքերին, որ Իրանը խափանել է ԱՄՆ-ի՝ Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ծրագրերը: Միևնույն ժամանակ Իրանի ընկերները՝ «Հըզբոլահից» լիբանանյան շիաները, ջախջախում էին թուրքական բանակը Սիրիայի Հալեպ և Լաթաքիա նահանգներում: Ինչո՞վ դա Իրանի դիմակայություն չէ Թուրքիայի քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016-ի ամռանից հետո ուղղակիորեն «պարտադրում էր» իր ընկերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանին անվանում էր «փրկիչ» և այլն: Շատերը հիշում են, թե ինչու էր Էրդողանն այդքան նվաստանում, և սկզբունքորեն, նա պարզապես ստիպված էր նվաստանալ բոլորովին վերջերս (մարտին), ինչը աննկատ չէր մնացել արևմտյան լրատվամիջոցների կողմից, որոնք գրում էին. «Էրդողանը խոնարհվել է «ՊԱԿ-ի գնդապետի առաջ»»: Բայց 2020-ի մայիսի վերջին Ռուսաստանը Էրդողանին հասկացրել է, որ նրան «քիչ ժամանակ է մնացել» կարդինալ եզրակացությունների և Մերձավոր Արևելքում քաղաքականության փոփոխության համար: Նախ, մայիսի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը Թուրքիայում «մի շարք գործողություններ, որոնք նվիրված են 1944 թվականին Ղրիմի թաթարների բռնի վերաբնակեցման 76-ամյակին» անվանել է «անարժան շահարկումներ»: Այս մասին ասվում էր գործակալության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ: «Կոչ ենք անում Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներին, Թուրքիայում բնակվող ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք կապված են Ռուսաստանի հետ բարեկամական կապերով, օբյեկտիվ հայացք ուղղել XX դարի պատմության դժվարին և ոչ հասարակ իրադարձություններին: Սկզբունքորեն հանդես ենք գալիս այն բանի համար, որ սգո օրերը չծառայեն ակնթարթային քաղաքական կոնյուկտուրայի համար, այլ նպաստեն մերձեցմանը ընդհանուր պատմական հիշողության և ճակատագրի հիման վրա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը: Նախարարությունն ընդգծել է, որ մի շարք թուրք պաշտոնյաների փորձերը զուգահեռներ անցկացնել ստալինյան ռեպրեսիաների և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ներկայիս քաղաքականության միջև, վրդովվացնող են և չեն նպաստում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմանի գործընկերության հետագա զարգացման խնդրի լուծմանը:

Եվ անմիջապես մայիսի 29-ին Պուտինը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը և Արտաքին գործերի նախարարությանը բանակցություններ վարել Սիրիայի հետ՝ Սիրիայի ափերին լրացուցիչ անշարժ գույքի և ջրային տարածքի փոխանցման վերաբերյալ: Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պորտալում տեղադրված նախագահի հրամանի մեջ: «Ընդունել ՌԴ Կառավարության առաջարկությունը՝ ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական հանրապետության միջև Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին 2015 թ. օգոստոսի 26-ի համաձայնագրի՝ լրացուցիչ անշարժ գույք և ջրային տարածք փոխանցելու մասին թիվ 1 Արձանագրությունը»,- ասվում է փաստաթղթում: Համաձայնագրի համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ը իրավունք ունեն Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրել նշված արձանագրությունը՝ «թույլ տալով նրանց կատարել փոփոխություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված նախագծում, որոնք հիմնարար բնույթ չեն կրում»:

Ռուսաստանը Սիրիայում ունի երկու բազա՝ ավիացիոն Խմեյմիմը Լաթաքիայի շրջանում և ծովային՝ Տարտուսում: Վերջինս ձևականորեն կոչվում է ՌԾՆ տեղակայման կետ, սակայն վերջին 5 տարվա ընթացքում նրա գործառույթները զգալիորեն ընդլայնվել են: Անցած տարվա աշնանը Տարտուսի բազայում սկսվել է գործել նավավերանորոգման նոր արհեստանոց, որի աշխատանքը կարող է էապես նվազեցնել իրենց հիմնական հենակետերից հեռու տեղակայված ռուսական նավերի նորոգումը: «Խմեյմիմի բազայի ընդլայնման մասին վաղուց են խոսում: Դա անհրաժեշտ է նաև բազայի անվտանգությունը բարելավելու համար, որը երբեմն ենթարկվում է հրետակոծման, և ռազմական ու քաղաքացիական օդանավակայանի ենթակառուցվածքների ավելի լավ զարգացման համար»,- ասել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի փորձագետ Իլյա Կրամնիկը: Նա հիշեցրել է, որ ռուսական ավիաբազան հարում է Լաթաքիայի օդանավակայանին և օգտագործում նրա ենթակառուցվածքը: «Տարտուսի ընդլայնումը մասշտաբների առումով ավելի էական նախագիծ է, հետագայում այնտեղ պետք է ստեղծվի լիարժեք ռազմածովային բազա, որը թույլ կտա ցանկացած նավերի մուտք և սպասարկում՝ ընդհուպ մինչև ավիակիրը: Ներկայիս սահմաններում այս խնդիրը չի լուծվում, ուստի լրացուցիչ տարածքի փոխանցման շուրջ բանակցություններն անխուսափելի են»,- ավելացրել է փորձագետը:

Բացի այդ, Ռուսաստանն արդեն վերահսկում և վերազինում է ռազմական օդանավակայանը հայ-քրդական համատեղ բնակության քաղաքում` Էլ-Քամիշլիում: Այս ամենը, մեր կարծիքով, խոսում է այն մասին, որ Թուրքիայի սադրանքներին Ռուսաստանի «պատասխանը» Անկարայի համար անսպասելի և բավականին ցավոտ է լինելու: Իսկ եթե Մոսկվան և Թեհրանը ինչ-որ կերպ համատեղեն իրենց «պատասխանները» Թուրքիային, ապա աշխարհը կկարողանա տեսնել այսօրվա «Օսմանյան կայսրության» արագ անկումը:

Սերգեյ Շաքարյանց