ԱՀԿ. Կորոնավիրուսի անախտանիշ հիվանդները վարակիչ չեն

Անախտանիշ հիվանդից կորոնավիրուսի փոխանցումը հազվադեպ է պատահում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկխովեն՝ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մեր տվյալների հիման վրա անհավանական է թվում, որ անախտանիշ վարակակիրը կարող է փոխանցել վարակը մեկ ուրիշի,- ասել է նա: – Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից: Նրանք վերահսկում են անախտանիշ հիվանդներին, նրանց կապերը և չեն հայտնաբերել վարակի փոխանցում: Սա շատ հազվադեպ է տեղի ունենում»:

Սակայն, նշել է Վան Կերկխովեն, անախտանիշ դեպքերը հաճախ սխալմամբ վերագրվում են COVID-19- ի թեթև դեպքերին, ինչպես նաև ատիպիկ կամ դեռևս չդրսևորված ախտանիշներին: Այս դեպքում մարդը վարակիչ է դառնում ախտանշանների առաջացումից 2-3 օր առաջ: Հիվանդության անախտանիշ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ժամանակ ախտանիշների բացակայություն:

«Երբ մենք ուսումնասիրում ենք տվյալները և պարզում ենք, թե իրականում որքան են եղել անախտանիշ դեպքերը, մենք նկատում ենք, որ հաճախ խոսքը թեթև ախտանշանների մասին է»,- շեշտել է նա:

Վարակների գրեթե կեսը տեղի է ունենում նախքան հիվանդության ախտանիշներն ի հայտ գալը, ասում են ԱՀԿ փորձագետները: Բայց սա չի նշանակում, որ հիվանդը ունի անախտանիշ վարակ. ախտանշանները պարզապես  դեռ չեն դրսևորվել: