Հունաստանի ԶՈՒ ԳՇ պետի հայտարարությունը հիստերիա է առաջացրել թուրքական մամուլում

Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։

Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսն  աղմկահարույց  հայտարարություն է արել Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախման վերաբերյալ։ Այդ հայտարարությունը հիստերիա է առաջացրել թուրքական մամուլում։

Թուրքական «Star.com.tr»-ի փոխանցմամբ՝ գեներալ Ֆլորոսը հունական հեռուստատեսության եթերում սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»։

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նմանօրինակ հայտարարությունը կապված է արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի հորատման աշխատանքներ իրականացնելու հետ։

Նշենք, որ այս լարվածության ֆոնին անցած շաբաթ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, հայտնել էր, որ իրենք պատրաստ են ճզմելու իրենց արհամարհողներին։