Հայաստանում վիճակն ավելի ահավոր է, քան նույնիսկ Բրազիլիայում. Փաշինյանն իր իշխանությամբ հաջողությամբ կործանում է երկիրը

Անողոք թվեր ու փաստեր

Ինչ-ինչ, բայց այդ մեկը Փաշինյանի մոտ փայլուն է ստացվում: Որևէ կասկած չունեմ, որ եթե Ադրբեջանն առաջիկայում պատերազմ սկսի ու կարողանա հաղթել մեզ, նույնիսկ հայերիս մի նոր ցեղասպանության ենթարկի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր դեմագոգը, եթե, իհարկե, հասցնի ճողոպրել և ողջ մնա, դարձյալ փորձելու է արդարանալ և ողջ մեղքը բարդել ժողովրդի, նախկինների և, ընդհանրապես, ընդդիմության վրա:

Նիկոլ Փաշինյանը, նախ, իր և իր իշխանության առջև խնդիր չդրեց կանխել Հայաստանի Հանրապետություն նոր կորոնավիրուսի ներթափանցումը, ինչը հենց ինքը հրապարակայնորեն է խոստովանել: Վարակի ներթափանցումը կանխելը, անշուշտ, դժվար էր, բայց հնարավոր: Այս պնդման հիմնավորումները մեր նախկին հրապարակումներում արդեն իսկ ներկայացրել ենք, բայց առաջիկայում առավել հանգամանորեն կներկայացնենք:

Այնուհետև Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունը խայտառակ կերպով տապալեցին նոր կորոնավիրուսի տարածման կամ գոնե զսպման դեմ պայքարը (տեսե՛ք այդ առումով հարևան Ադրբեջանի և, հատկապես, Վրաստանի հաջողությունները): Ավելի ճիշտ, այդ պայքարի երևութականություն, արտաքին խաբուսիկ տպավորություն ստեղծելով, իրականում կատարեցին այնպիսի քայլեր (հանդես եկան հասարակությանն ապակողմնորոշող հայտնի հայտարարություններով, կատարեցին անթույլատրելի գործողություններ, իսկ երբ պետք էր համապատասխան գործողություններ կատարել, դրսևորեցին հանցավոր անգործություն), որոնք ճիշտ հակառակը` ոչ թե զսպեցին, այլ խթանեցին վարակի տարածումը, նպաստեցին բնակչության` նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի բուռն աճին:

Մեր ժողովուրդը, ինչպես ասում են, դեռ տաք է, շատերն անգիտության «երջանիկ» նիրհի մեջ են, ցավոք, դեռ չեն գիտակցում, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանցավոր քաղաքականության հետևանքով գլորվում ենք անդունդ: Բայց, ասվածին զուգահեռ, անվիճելի է նաև այն, որ օրեցօրե կամ գուցե ժամ առ ժամ ավելի շատ մարդիկ են արթնանում այդ նիրհից, ընդ որում, նաև մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանն ինքնակամ հրաժարական տվողը չէ և պատրաստ են ոտքի կանգնել, որպեսզի նա, իր իշխանությամբ հանդերձ, ստիպված լինի ռադը քաշել:

Որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում ենք հայտնվել, հիշենք վերջին մեկ շաբաթվա պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության (COVID-19) հաստատված նոր դեպքերի, ինչպես նաև հիվանդության հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ. Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հունիսի 2-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդության 517 նոր դեպք, արձանագրվել է մահվան 19 դեպք, հունիսի 3-ին` 515 նոր դեպք, արձանագրվել է մահվան 12 դեպք, հունիսի 4-ին` 697 նոր դեպք, արձանագրվել է մահվան 6 դեպք, հունիսի 5-ին` 596 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, հունիսի 6-ին` 547 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, հունիսի 7-ին` 766 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք, հունիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Այսօր հրապարակված նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված նոր դեպքերի` նախորդ օրերի համեմատ նվազ թիվը թող որևէ մեկին շփոթության մեջ չգցի և տեղիք չտա ինքնահանգստության, հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ անփույթ վերաբերմունքի: Հաստատված նոր դեպքերի քանակի նվազման հիմնական պատճառն այն է, որ հունիսի 7-ին, ինչպես նշված է վերոնշյալ պաշտոնական տեղեկատվության մեջ, «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, չի աշխատել։ Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ»:

Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ի հաստատված նոր դեպքերի թվաքանակը հասնում է 3833-ի, արձանագրվել է մահվան 72 դեպք:

Երբ անցյալ ամսվա մեր հրապարակումներում նկատի ունենալով սահմանափակումների վերացման, մայիսի 18-ից հասարակական տրանսպորտի աշխատանքի ամբողջական վերականգնման հետևանքով COVID-19-ի հաստատված նոր դեպքերի քանակի աճը, ինչպես նաև հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը (հիմնականում մինչև 14 օր), կանխատեսեցինք, որ մայիսի վերջից, հունիսի սկզբից ՀՀ-ում COVID-19-ի հաստատված նոր դեպքերի քանակի կտրուկ աճ է լինելու, կտրուկ աճելու է նաև մահվան դեպքերի քանակը (կանխատեսումները, ցավոք, դարձան իրականություն), նիկոլապաշտ զոմբիների, պողոսների, փաշինյանական ֆեյքերի բանակը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վիրավորանքներով, հայհոյանքներով, սպառնալիքներով շնագայլերի ոհմակի նման հարձակվեց տողերիս հեղինակի ու մեր կայքի վրա` մեզ անհիմն և անհեթեթ կերպով մեղադրելով խուճապ առաջացնելու փորձի մեջ: Հիմա Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունն են պաշտոնապես հայտարարում դեպքերի կտրուկ աճի մասին, բա նրա՞նց ինչու չեն մեղադրում խուճապ առաջացնելու մեջ…

Հիվանդանոցներում, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում արդեն տեղ չկա նույնիսկ COVID-19-ով ծանր վիճակում գտնվող հիվանդներին ընդունելու համար, իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանն անցած կիրակի ինքը հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը խիստ ծանրաբեռնված է, 200 պացիենտներ չեն կարողանում հոսպիտալացվել հիվանդանոցներում համապատասխան տեղերի բացակայության պատճառով: Բոլորս էլ գիտենք, որ COVID-19-ով թեթև հիվանդներին նույն պատճառով վաղուց արդեն հիվանդանոցներ չեն ընդունում, նրանք բուժվում են տանը կամ այլ տեղ, հետևաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խոսքը ծանր, միգուցե նաև խիստ ծանր վիճակում գտնվողների մասին է:

Հարկ կա՞ բացատրելու, թե վերակենդանացման բաժանմունքներում համապատասխան բուժօգնություն չստանալու հետևանքով ինչ է սպասվում վերոնշյալ հիվանդներին կամ նրանց մի մասին, ինչպես նաև այդ հիվանդների բախտակիցներին, որոնք առաջիկայում հաջորդելու են նրանց: Այնպես որ, բնավ չզարմանաք, եթե շատ մոտ ապագայում մահվան դեպքերի թիվը օրական հարյուրներով հաշվվի և այսօրվա թվերին երանի տաք: Եվ լավ իմացեք, որ ձեր մերձավորների, հարազատների մահվան մեղավորներն առաջնահերթորեն Փաշինյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը և ՀՀ պարետ, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն են:

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020թ. հունիսի 8-ի ժամը 11-ի դրությամբ ՀՀ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 13 325-ի: ՀՀ բնակչությունն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, կազմում է 2 956 900 մարդ: ՀՀ բնակչության նշված թիվը բաժանելով COVID-19-ի դեպքերի ընդհանուր թվի` 13 325 վրա, ստանում ենք 221.90619, ինչը նշանակում է, որ մեր հանրապետության յուրաքանչյուր 221 կամ 222 բնակչի հաշվով մինչ տվյալ պահը գրանցվել է նոր կորոնավիրուսով 1 հիվանդ:

Հիմա համեմատություն կատարենք COVID-19-ի առումով աշխարհում 2-րդ տեղում գտնվող Բրազիլիայի հետ, որտեղ այժմ ամենաահավոր վիճակն է: Բրազիլիայի բնակչությունը 2020թ., վերջին տվյալների համաձայն, կազմում է 216 552 469 մարդ, այսօր ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի կայքում ժամը 12:34-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բրազիլիայում նոր կորոնավիրուսով հիվանդության մինչ այդ պահը գրանցված հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 691 758-ի: 216 552 469-ը բաժանելով 691 758-ի, ստանում ենք 313.04657,  այսինքն` Բրազիլիայի յուրաքանչյուր 313 բնակչի հաշվով մինչ տվյալ պահը գրանցվել է նոր կորոնավիրուսով 1 հիվանդ: Ակնհայտ է, որ Հայաստանում հիվանդության հաստատված դեպքերի քանակի առումով վիճակը շուրջ 1.5 անգամ ավելի վատ է, քան նույնիսկ Բրազիլիայում:

Հայաստանի ցուցանիշներն էապես վատ են նաև Իտալիայի, բազմաթիվ այլ երկրների, ինչպես նաև առաջին եռյակում գտնվող Ռուսաստանի համեմատ: Ահա թե Նիկոլն իր թիմով Հայաստանն ուր հասցրեց: Եթե վերոնշյալին գումարենք նաև իր ֆեյսբուքյան էջում հունիսի 7-ին Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների իրական թվաքանակը գերազանցում է 100 000-ը, ապա պարզ կդառնա, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, իր թիմով հանդերձ, մեր երկիրն իսկապես գլորել է անդունդ, որից հարց է` կկարողանա՞նք ընդհանրապես դուրս գալ, եթե ժողովուրդը նույնիսկ այսօր Փաշինյանին պարտադրի հրաժարական:

Արթուր Հովհաննիսյան