Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ. Ամրամ Մակինյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողություններին։ Նա մասնավորապես նշել է, որ անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էին, որ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն։ Մակինյանի գրառումը՝ ստորև․

«Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով:

Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն:

Իսկ տարածված հաղորդագրության բովանդակության մասով կարող եմ ասել հետևյալը՝ շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նպատակով իրականացված «մեծածավալ քաղաքական հայտարարություններից», «Սպայկա» ընկերության միակ սեփականատիրոջը հայտնի նպատակներով կալանավորելուց, Միքայել Մինասյանին առաջադրված նախկին մեղադրանքը տապալվելուց և ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ ,ապացուցվեցե Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը:

Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ»: