72 ժամով կասեցվել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի, 24 ժամով՝ մոտ յոթ տասնյակ այլ տնտեսավարողների գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է Կառավարության մամուլի ծառայությունը:

ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և, նաև իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Այսօր 72 ժամով կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այստեղ խախտվել է ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը:

Անակնկալ ստուգայցեր լինելու են ամեն օր՝ բացառելու համար պարետի սահմանած կանոնների շրջանցումը: