Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը

Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը․ երկրում ավելի քան երկու շաբաթ COVID-19-ի նոր դեպքերը չեն արձանագրվել, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ անցած հանգստյան օրերին ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը, որը Օքլենդում գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Ինչպես նշել է Նոր Զելանդիայի գլխավոր սանիտարական բժիշկը, փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ երկրի տարածքում հաստատված ախտորոշմամբ մարդիկ չկան։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1504 է, որոնցից 1482-ը ապաքինվել են, 22-ը՝ մահացել:

Կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստավորում է անցել շուրջ 295 հազար մարդ։

Հիշեցնենք, որ համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո Նոր Զելանդիայի իշխանությունները չեղարկել են կարանտինային սահմանափակումների մեծ մասը։ Սպասվում է, որ հունիսի 8-ին կառավարությունը կհայտարարի սպառնալիքի մակարդակի իջեցման մասին և բոլոր միջոցները, բացի երկիր մուտք գործելու արգելքից, կհանվեն:

Աղբյուրը՝ Թերթ.ամ