Անհայրենիք ժողովուրդներ

Պետականություն չունեցող հինավուրց ազգերը

Սկիզբը՝https://livenews.am/press/2020/44370/30/17/51/

Կատալոնացիներ

Մեկ այլ պետության մեջ լինելու բեռը ծանոթ է ոչ միայն ասիական երկրների բնակիչներին: Կատալոնացիները եվրոպական ժողովուրդ են, որոնց թիվը, ըստ վերջին գնահատականների, գերազանցում է 8 միլիոնը, դարեր շարունակ կատալոնացիները չեն կարողանում ուրվագծել և օրինականացնել իրենց պետության սահմանները: Կատալոնացիներն ունեն լեզու, որը, չնայած պատկանում է հնդեվրոպական լեզուների ռումինական ենթախմբին, իսպաներենի համեմատությամբ լիովին անկախ է: Տասը կատալոնացիներից 9-ը ապրում է Իսպանիայում, մնացածը բնակություն են հաստատել Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:

Կատալոնացիների նախնիները`իբերիացի ցեղերը, բնակություն են հաստատել ժամանակակից Կատալոնիայի հողերում` Ք.ա. 1-ին հազարամյակում:  Միջնադարում այստեղ ստեղծվեց մի պետություն, որը բաղկացած էր առանձին կոմսություններից: Նրանք բոլորն էլ քաղաքականապես անկախ էին, բայց ինչ-որ կերպ գտնվում էին ֆրանկների ազդեցության տակ: Նրանցից ամենահզորը Բարսելոնան էր: 988 թ. մավրերի արշավանքից հետո տեղացիները, օգտվելով ֆրանկների թուլացումից, հռչակեցին իրենց անկախությունը: Այս տարի համարվում է Կատալոնիայի հիմնադրման ամսաթիվը:

Բարսելոնայի կոմսությունը աճեց և ամրապնդեց իր դիրքերը հարավային Եվրոպայում, մինչև 1137 թվականը Կատալոնիան դարձավ Արագոնյան թագավորության մաս: Այնուհանդերձ կատալոնացիներին հաջողվեց պահպանել իրենց քաղաքական իրավունքները, ուստի Արագոնին միանալը նրանց կողմից ցավալի չէր: XV դարում Ֆերդինանդ թագավորը ամուսնացավ Իզաբելլա Կաստիլիացու հետ, ինչը ենթադրում էր Արագոնի և Կաստիլիայի Թագավորության միավորում: Այսպես 1516 թվականին հայտնվեց Իսպանիա: Այդ ժամանակվանից ի վեր կատալոնացիների իրավունքներն ու ազատությունները կրճատվեցին: 18-րդ դարում իսպանացիները արգելեցին կատալոներենը, ոչնչացրին սահմանադրությունը և գրաքննություն մտցրին: Սա տևեց ավելի քան 200 տարի:

Ինքնավարությունը վերականգնվել է 1978 թվականին՝ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանսկոյի անկման հետ: Կատալոնացիները կրկին ճանաչվեցին որպես ազգ, և նրանց լեզուն դարձավ պաշտոնական: 2017-ին կատալոնացիները հայտարարեցին հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին՝ Իսպանիայից դուրս գալու և ազգային պետության ձևավորման համար: Չնայած այն հանգամանքին, որ միջազգային օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ անջատումը, Մադրիդը ճնշեց այս նախաձեռնությունը՝ վկայակոչելով Սահմանադրության 155-րդ հոդվածը: Տարանջատումը տեղի չունեցավ: Հանրաքվեի համաձայն, 2 միլիոն ընտրողներից 1,6 միլիոն կատալոնացիները աջակցեցին իրենց ապագա երկրի ինքնավարությանը: Միևնույն ժամանակ, բազմաթիվ սոցիալական հարցումներ ցույց են տվել, որ կատալոնացիների՝ Իսպանիայից անկախանալու կողմ և դեմ կարծիքները մոտավորապես հավասար են:

Ասորիներ

 Ասորիները Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, որոնք ունեցել են հզոր պետականություն՝ Ասորական կայսրություն, սակայն այսօր չունեն սեփական պետություն: Ժամանակակից ասորիների ուղղակի նախնիներն են եղել Միջագետքի ժողովուրդը, որը խոսում էր արամեերեն, որոնք 1-ին դարում ընդունել են քրիստոնեություն:

Ժամանակակից ասորիները խոսում են հյուսիս-արևելյան նորարամեերեն  (ասորերեն) լեզվով, որը մտնում է սեմիտական լեզվաընտանիքի մեջ:

Իրենց պատմական բնակավայրերում ասորիները հիմնականում տիրապետել են երկու, երեք, անգամ չորս լեզուների (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն):

Ասորիների ամբողջ աշխարհում հաշվվում են մինչև հինգ միլիոն: Ասորական մեծագույն համայնքները գտնվում են Հյուսիսային Իրաքում (800 000), ԱՄՆ-ում (97 000), Շվեդիայում (75 000), Սիրիայում (70 000), Իրանում (32 000), Ավստրալիայում (25000), Թուրքիայում (20 000), Ռուսաստանում (14 000), Հայաստանում նրանց թիվը 3409 է:

Ասորեստանի անկումից հետո (Ք.ա. 605թ.) նրա բնակչությունը խառնվեց սեմիտական արամեական ու խալդի ցեղերի հետ: Պատմության ընթացքում ասորիների էթնոկոնսոլիդացնող գործոնը քրիստոնեական կրոնն էր, որը նրանց հնարավորություն էր տալիս պահպանելու իրենց էությունը զրադաշտականների, մահմեդականների ու հուդայականների շրջապատում: Չնայած դրան՝ ասորական էթնոսի ներսում գոյություն ունի քրիստոենության երկու տեսակ՝ Արևելքի ասորական եկեղեցի և Սիրիական ուղղափառ եկեղեցի:

Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի (Վերին Դվին) և Արզնի գյուղերում։ Ասորիներն ապրում են նաև Արմավիրի մարզի Նոր Արտագերս (նախկին՝ Մեծ Շահրիար) գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է շուրջ 750 հազար ասորի, ինչպես մեկ ու կես միլիոն հայ ու շուրջ 350 հազար հույն: Քրիստոնեաներից շատերը հարկադրված էին փախչել այս երկրներ:

Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։

Հայաստանի Հանրապետությում իր մեծությամբ երրորդ էթնիկական փոքրամասնությունը ասորիներն են, եզդիներից և ռուսներից հետո: Համաձայն ասորիների համայնքի ղեկավար Արսեն Միքայելովի՝ Հայաստանում ապրում են 2011թ. հունիսի դրությամբ շուրջ 7000 ասորիներ: Մինչև ԽՍՀՄ փլուզումը ասորիների թիվը Հայաստանում կազմում էր շուրջ 6000, սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ կիրառած շրջափակման արդյունքում, որը Հայաստանում սուր տնտեսական խնդիրներ առաջ բերեց, ասորիների շուրջ կեսը լքեց երկիրը՝ հիմնականում գնալով Ռուսաստանի Դաշնություն:

Պատրաստեց Ծովինար Մանուկյանը