Արցախի հանրային սննդի օբյեկտներում իրականացվում են համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումներ

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելող մի շարք միջոցառումներ:

«Արցախպրես»-ի հետ զրույցում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանն ասել է, որ միջոցառումների շրջանակում հանրապետության հանրային սննդի օբյեկտներում իրականացվում են նախազգուշական այցեր, ինչպես նաև մեթոդական և իրազեկման աշխատանքներ և ներկայացվում պարետի համար 15 որոշման պահանջները:

Ա․ Ներսիսյանի խոսքով՝ ԱՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել են ուղեցույցներ և տրամադրել տնտեսվարողներ։

«Ընտրել ենք այս ձևաչափը, ըստ որի՝ պետք է բարձրացնել իրավագիտակցության մակարդակը և լրացնել այն բացերը: Նախազգուշացնում ենք հայտնաբերված թերությունների վերաբերյալ, և հաջորդ փուլում անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ: Սննդի հանրային օբյեկտներում պահպանվում են անվտանգության կանոնները՝ իրականացվում է ջերմաչափում, աշխատակիցները պարտադիր կրում են դիմակներ, ձեռնոցներ, սեղանների վրա կա ախտահանիչ նյութեր, մեկանգամյա օգտագործման միջոցներ: Շրջայցերի ընթացքում դիտարկում են առկա խնդիրները, արձանագրում թերությունները և առաջարկում դրանց լուծման եղանակները: Աշխատանքների մեկնարկը տրվել է խոշոր սննդի կետերից և հանրային օբյեկտներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց հաճախելիությունն ավելի մեծ է: Հետագայում հնարավոր է սահմանափակումների կիրառում: Մեկ անգամ ևս զգուշացնում ենք քաղաքացիներին՝ լինել զգոն. անհրաժետության դեպքում՝ կարող են զանգել ՍԱՊ ծառայության թեժ գծին՝ 50-99 կարճ համարին: Ստեղծված աշխատանքային խմբերն արագ կարձագանքեն քաղաքացիների խնդիրներին և կտան համապատասխան լուծումներ»,-ՍԱՊԾ պետը: