Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում. Գարեգին Երկրորդ

Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։ Սուրբ Գիրքն ասում է․ «Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն» (Առակ. 10.12): Մենք՝ որպես հոգևոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները և տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Ամենքը պետք է ունկնդիր լինեն առաքյալի խրատին, որն ասում է. «Ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ,- ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8)։

Մեր կյանքի շատ խնդիրներ արժեքային դաշտում են և լուծելի են մեր սրբազան արժեքներին հավատարմությամբ, միաբան ու միասնական ընթացքով։ Դարերի ընթացքում այս ոգով ենք կարողացել դիմագրավել դժվարությունների ու նեղությունների, զորացնել մեր պետությունն ու ազգային կյանքը։ Միաբանությունն է մեր Հայկազյան ազգի ուժն ու զորությունը։ Այս ամենում մեծապես կարևում ենք մեր հոգևորականների առաքելությունն ու դերակատարությունը»։

«Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։

Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»:

Գարեգին Երկրորդ
Կաթողիկոս Ամենայն Հայոց

Մայր Աթոռի միաբանների հետ հանդիպումից, հունիսի 5, 2020 թ․