Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, վարակակիրներից մեկի վիճակը ծանր է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, որոնք Ստեփանակերտի բնակիչներ են, գրում է տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին:

Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է»,- ասված է շտաբի հայտարարության մեջ: