Ղազախստանում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ

Ղազախստանի Ալմաթիի շրջանում 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացել են շրջկենտրոնի Թալդիկորգի և երկրի ամենամեծ քաղաքի` Ալմաթիի բնակիչները, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում են երկրի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:10-ին:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 244 կմ հյուսիս-արևելք, լեռնային հատվածում, Էսկելդինսկի շրջանի տարածքում: Երկրաշարժի էներգետիկ դասը 12.2 է: MPV 6.2 մագնիտուդով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ալմաթիի շրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը իրազեկել է տեղական գործադիր մարմիններին, ոստիկանության վարչությանը, դատախազությանը և այլ կազմակերպություններին՝ իրավիճակը պարզելու համար: