Պետությունը փորձադաշտ չէ, պետք է ղեկավարները լինեն պրոֆեսիոնալ ու փորձառու, չպետք է դրվի կուսակցական լինելու կամ իրար հետ քայլելու խնդիր․Գ․ Ծառուկյան (տեսանյութ)

«Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի:

Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով, առաջարկել ելքեր՝ ժողովրդի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդի հրատապ հրավիրած նիստում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Կուսակցության ղեկավարն ընդգծել է՝ այս կառավարությանը տրվել էր ավելի քան բավարար ժամանակ իրականացնելու այն խոստումների օրակարգը, որով նրանք եկան իշխանության, սակայն պետությունն ու ժողովուրդը փորձադաշտ չեն։

«Իշխանությանը տրվել էր լիարժեք ժամանակ, որպեսզի իրականացնեին ժողովրդին տված խոստումները, կյանքի կոչեին ժողովրդի սպասելիքները»,-ընդգծել է ԲՀԿ առաջնորդը՝ ավելացնելով, որ իրենք էլ ասջակցել են այդ փոփոխությունների իրականացմանը։

Գագիկ Ծառուկյանի խոսքով, դեռ մեկ տարի առաջ տեսնելով կառավարության կազմը, ինքը հանգել է եզրակացության, որ այդ կազմով հնարավոր չէ խոստումներն իրականացնել։

«Կառավարության կազմում կան կառավարիչներ, ոլորտի պատասխանատուներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի բան չեն ղեկավարել, կա փորձի պակաս։ Այն, ինչ որ ես կասեմ, դա փաստացի ասել եմ մեկ- մեկ ու կես տարի առաջ, ժողովուրդը, պետությունը փորձադաշտ չեն, պետք է ղեկավարները լինեն պրոֆեսիոնալ ու փորձառու մարդիկ, չպետք  է դրվի կուսակցական լինելու կամ իրար հետ քայլելու խնդիր»,-ասել է նա։

Ծառուկյանի խոսքով, այսօր էլ ժողովուրդը դեռ սպասում է իշխանության տված խոստումներին։

«Ես ասել էի,  որպեսզի դրանք իրականություն դառնան, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխել։ Բայց այսօր տեսնելով ձախողումները, ես կարող եմ ասել, որ այս իշխանությունը պետք է փոխվի ոչ թե 97, այլ 100 տոկոսով, քանի որ բոլոր ոլորտներում ձախողել են։ Ինձ համար հաճելի չէ խոսել այդ թեմայով»,-հավելել է նա։

Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի

Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի:

Опубликовано Gagik Tsarukyan Пятница, 5 июня 2020 г.