Էլթոն Ջոնի ասած փոփոխությունների ցունամիից ոգևորված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց-2

Սկիզբը` այստեղ

Տրանսգենդեր, սեռափոխ անձի (Վաղարշակ Մարտիրոսյան անուն-ազգանունով որպես տղա ծնված, բայց հետագայում իր սեռը փոխած և Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանվան նշումով անձնագիր ստացած) հայցով սկսված դատավարության ընթացքում պատասխանող, «Իրատես» թերթը հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է նաև, որ անունը փոխելու հետ օրենսդրորեն չի կապվել անձի` տվյալ սեռին պատկանող անուն կրելու պարտադիր պայման: Այսինքն` ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է կրել այն անունը, որը նախընտրում է, սակայն անվան փոփոխությունը ևս, եթե այն հակառակ սեռին բնորոշ անուն է, չի հանգեցնում սեռի փոփոխության:

Մի պահ շեղվենք դատավարությունից և մեկ անգամ ևս կրկնենք, որ վերոնշյալը բխում է ՀՀ օրենսդրությունից: Հիշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը 2019թ. ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն կատարած այցի ժամանակ անդրադառնալով դրան նախորդած շաբաթվա ընթացքում ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին, փորձեց այս առումով մեղք վերագրել ՀՀԿ-ին: Մինչդեռ, ինչպես ակնհայտ է վերը շարադրվածից, ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրության որևէ խախտում թույլ չի տվել հիշյալ տրանսգենդերին տալով մի անձնագիր, որում նա, ըստ անձնագրային տվյալների, հանդիսանում է Լիլիթ Մարտիրոսյան, բայց սեռը նշված է արական:

Ոմանք գուցե ասեն` բայց չէ՞ որ նախորդ իշխանության կամ իշխանությունների ժամանակ է ընդունվել այդ վատ օրենսդրությունը… Այո, ճիշտ է, բայց անցած ավելի քան 2 տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունը լիարժեքորեն ունենալով այդ վատ օրենսդրությունը փոխելու հնարավորությունը, փոխե՞լ է այն… Իհարկե՛ ոչ:

«2015-ին ՀՀ իշխանությունը՝ պահպանողական, ընտանեկան և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է ու նրան տվել ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում, անձնագրում գրել է սեռը՝ արական։ Հիմա հանրապետականների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլի՞թ է,- հիշյալ այցի ժամանակ ասաց Փաշինյանը և քիչ հետո հավելեց.- Ես որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, նրանք չէին հավատում, նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է, էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում»:

Նիկոլ Փաշինյանի ասածից ստացվում է, որ ինքը, ՔՊ-ականները և «Իմ քայլ»-ականներն էլ գեյ ակտիվիստ են, քանի որ մինչև հիմա չեն փոխել այդ վատ օրենսդրությունը:

Անդրադառնալով դատավարությանը, նշենք, որ պատասխանողի ներկայացուցիչը սեռափոխության մասով դատարանին ներկայացրել էր նաև հետևյալ փաստարկը. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է ՀՀ կառավարությունը: Վերոնշյալ ցանկը ամրագրված է «ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշմամբ: Այս ցանկում չի նշվում ոչ սեռափոխության վիրահատության, ոչ էլ վերջինիս համար անհրաժեշտ հորմոնաթերապիայի մասին: Այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը չունի որևէ իրավանորմ, որով թույլատրում է կատարել սեռափոխություն և որևէ նորմով ամրագրված չէ սեռափոխության հասկացությունը:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է միայն սեռի այն փոփոխությունը, որը պայմանավորված է ի ծնե սեռական այլ գեղձերի առկայությամբ, որը չի համապատասխանում արտաքին սեռական օրգաններին (խոսքը հերմոՖրոդիտների մասին է, ինչպիսին չի եղել Վաղարշակ Մարտիրոսյանը), և խոսքը չի վերաբերում արհեստականորեն այլ սեռին նմանվելու համար տվյալ սեռի հորմոններ օգտագործելու կապակցությամբ սեռը փոխելուն: Հետևապես հաշվի առնվելով վերոգրյալը, հայցվորի կողմից սեռափոխությունը կատարվել է Հայաստանի հանրապետության կողմից չճանաչված ձևով, քանի որ ՀՀ-ն չունի նման վիրահատական ձև, և բացի հերմոֆրոդիտ հիվանդություն ունեցող անձանցից, սեռը պետական գրանցման մարմնում փոխելու հնարավորություն չի նախատեսում:

Վերը նշվածը, ըստ պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշման, կրկին փաստում է, որ հայցվորի իրավական կարգավիճակը, որպես արական սեռի ներկայացուցչի, չի փոփոխվել: Հետևապես հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով ունի իր պատվի, արժանապատվության պաշտպանության իրավունք որպես միայն արական սեռի ներկայացուցիչ:

Հետագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանգամանորեն կներկայացնենք պատասխանողի ներկայացուցիչների իրավական դիրքորումը, առարկությունները տրանսգենդերի հայցի առնչությամբ նաև այլ առումներով, այժմ դեռ հրապարակման մեծ ծավալից խուսափելով, չենք ներկայացնի նաև դատարանի վճռում շարադրված գործի փաստերը: Մեր առաջիկա հրապարակումներում կներկայացնենք սոսկ դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը, այդ թվում նաև` գնահատող դատողության, քննադատության սահմանների վերաբերյալ, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը:

Արթուր Հովհաննիսյան