Հունաստան – Թուրքիա հակասությունը խորանում է

2020 թվականի մայիսի վերջը բուռն էր, և մենք փորձել ենք ընթերցողներին ժամանակին տեղեկացնել, թե ինչպես, չնայած կորոնավիրուսային համավարակին, աշխարհի գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ նաև Հայաստանի հարևանները, շարունակում են պատրաստվել անակնկալներով լի որոշակի սցենարի: Ընդ որում, գրեթե ամենուրեք զգացվում է գերլարվածությունը: Առանձնացվում է Հունաստանի և Թուրքիայի միջև հերթական սկանդալը: Թուրքիայի ԱԳՆ-ը մայիսի 28-ին արձագանքել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հայտարարությանը, որը Թուրքիայի մասին խոսելիս օգտագործել է «բարբարոսներ» բառը: Մեզ՝ հայերիս, լիովին պարզ են Հունաստանի բացասական հույզերը: Պարզ չէ, թե ինչի համար են այդքան «վիրավորվել» թուրքերը: Բայց, այնուամենայնիվ, շարունակենք պատմությունը:

«Ամոթալի է Թուրքիային «բարբարոս» անվանել նրանց համար, ովքեր անխղճորեն են վարվում սահմանին գտնվող անմեղ մարդկանց հետ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Հունական պետությունը նախ պետք է հրաժարվի իր «բարբարոսությունից», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը: – Հունաստանի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ երկխոսության փոխարեն նա ընտրում է Թուրքիայի նկատմամբ լարվածության քաղաքականությունն ու մոլորության մեջ է գցում հասարակությանը՝ շահարկելով ներքաղաքական դրդապատճառները: «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով առաջնորդվող Հունաստանի առաջնորդներին մենք ողջամիտ գործողությունների կոչ ենք անում»։ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը նաև նշել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները պարունակում են Հունաստանի կողմից փախստականների հիմնարար իրավունքների ու ազատությունների «բացահայտ խախտման» փաստեր: «Հունաստանը պետք է հարգի փախստականների իրավունքները և նրանց չենթարկի բռնության ու վատ վերաբերմունքի: Բացի դրանից, նրանք, ովքեր իրենց համարում են քաղաքակրթության բնօրրան, պարտավոր են հարգել նաև նրանց, ովքեր չեն կիսում իրենց լեզուն և կրոնը», – ընդգծել է Աքսոյը: Բայց նա ապարդյուն և անտեղի դրամատիզացնում է ստեղծված իրավիճակը: Ի՞նչ է պատահել իրականում:

Մայիսի 27-ին Աթենքը հայտարարել է, որ Հունաստանը ուժեղացնելու է ոստիկանական պարեկները Թուրքիայի հետ սահմանին, քանի որ երկիրը պատրաստվում է գաղթականների սպասվող նոր ներհոսքին: «Եվս 400 ոստիկաններ կուղարկվեն Մարիիցա գետի հյուսիս-արևելյան սահմանային շրջան՝ որպես կանխարգելման միջոց», – հայտնել է Հունաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Թեոդորոս Խրոնոպուլոսը: Սահմանամերձ տարածաշրջանը բախման վայր էր դարձել մարտին՝ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է, որ այլևս չի խանգարի միգրանտներին և ապաստան հայցողներին փորձել մտնել Եվրամիության երկրներ: Մի քանի օր շարունակվող բախումների ընթացքում միգրանտները, որոնք փորձել են հատել սահմանը, քարեր են նետել արցունքաբեր գազով կրակող հույն ոստիկանների վրա, հիշեցնում է թուրքական «Daily Sabah» թերթը: Բայց Անկարայի և Աթենքի միջև դիվանագիտական ​​սկանդալի առարկա է դարձել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը. «Նրանք, ովքեր դատապարտվել են միջազգային հանրության կողմից մարդկային տառապանքը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, ակնհայտորեն իրավունք չունեն որևէ մեկին ուսուցանելու մարդու իրավունքները»: Հունական լրատվամիջոցների այս մեջբերման մեջ «բարբարոսություն» բառը չի նշվում: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նախարար Դենդիասը իրականում Թուրքիային անվանել է «բարբարոս», և ՆԱՏՕ ռազմական դաշինքի կազմում գտնվող երկու հարևանների միջև հերթական սրացումը ակնհայտ է։ Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը մայիսի 26-ին տեղական Skai հեռուստաալիքին հայտարարել է, որ իր երկիրը տեղյակ է «Թուրքիայի իշխանությունների որոշ հայտարարությունների մասին, որոնք ենթադրում են, որ մենք կրկին հանդիպելու ենք ճնշումների մեր՝ հատկապես ցամաքային, սահմանների վրա»:

Այս կապակցությամբ հունական կողմը սկսել է ընդլայնել ցանկապատը Թուրքիայի հետ սահմանին, ինչը քննադատության է արժանացել Անկարայի կողմից: Թուրքական իշխանությունները պնդում են, որ ցանկապատի երկարացման վերաբերյալ պետք է խորհրդակցել՝ նշելով, որ Մարիիցա սահմանային գետի հունը 1926 թ. սահմանը ստեղծելու ժամանակներից «զգալիորեն փոխվել է բնական և արհեստական ​​պատճառներով»։ Անկարան պնդում է, թե պահանջվում է «տեխնիկական համակարգում», և որ թույլ չի տա «կատարված փաստ գրանցել» իր սահմանին: Հունաստանը, իր հերթին, նշում է, որ սահմանային գիծը չի փոխվել, և որ պարտավոր չէ խորհրդակցել Թուրքիայի հետ սահմանի իր կողմում ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ: Բայց Հունաստանը պայքարում է Թուրքիայից անօրինական միգրացիայի դեմ, ինչպես ցամաքային սահմանում, այնպես էլ հունական կղզիներում, որը գագաթնակետին էր հասել մինչև կորոնավիրուսի բռնկումը: Աթենքում հիշում են, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Մերձավոր Արևելքից և Ասիայից (հիմնականում Սիրիայից, Պակիստանից և Աֆղանստանից) հազարավոր միգրանտներ սկսել են հավաքվել թուրք-հունական սահմանին այն բանից հետո, երբ նախագահ Էրդոհանի կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի խոչընդոտելու միգրանտներին փորձել հատել Հունաստանի հետ սահմանը: Այդ ժամանակ հույն սահմանապահները, ոստիկանությունը և զինված ուժերն օգտագործել են արցունքաբեր գազ և այլ միջոցներ ամբոխը ցրելու համար՝ փորձելով կանխել սահմանը հատելու մարդկանց փորձը: Ըստ թուրքական աղբյուրների՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն երեք միգրանտ և շատերը վիրավորվել են:

Այսպես, թե այնպես, բայց եթե որևէ մեկը պետք է «վիրավորվի» Հունաստանից, ապա ոչ թուրքերը. հույները միլիոնավոր պատճառներ ունեն Թուրքիային «բարբարոս» համարելու: Դե, էսկիմոսները կամ պապուասները չէ, որ օկուպացնում են Հյուսիսային Կիպրոսը՝ իրականացնելով տեղի հույների և հայերի ցեղասպանությունը կղզու այս հատվածում: Միջերկրական ծովի շելֆի խնդրի վերաբերյալ իրենց հարևանների թիկունքում թուրքերի կողմից «համաձայնության գալու» փորձերը նույնպես առանձնապես չեն գոհացնում հույներին՝ ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի: Եվ այս առումով զարմանալի չէ այն փաստը, որ Հունաստանը և Կիպրոսը նոր հակաթուրքական դաշինքի նախաձեռնողներից են, որի ստեղծման մասին համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել են 2020 թվականի հունիսի 3-ին: Ճիշտ է, դաշինքը ստեղծվել է Եգիպտոսի, այլ ոչ Հունաստանի կամ Կիպրոսի հովանու ներքո: Եվ հենց Եգիպտոսն է հայտարարել Թուրքիայի դեմ դաշինք ստեղծելու մասին, որի մեջ մտնում են Հունաստանը, Կիպրոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Ֆրանսիան, որպեսզի դիմակայեն Թուրքիայի գործողություններին Լիբիայում և Միջերկրական ծովում: Այս տարի մենք արդեն մի քանի անգամ հաղորդել ենք այն մասին, որ Անկարան, ի դեմս ԱՄԷ-ի՝ ձեռք է բերել բավականին անհաշտ հակառակորդ համաշխարհային բեմում: Եգիպտոսը միանգամից կանգնել է ԱՄԷ-ի կողքին, իհարկե, այն պատճառով, որ թուրքական միջամտությունը Լիբիայում մեծ սպառնալիք է ստեղծում Կահիրեի համար: Եվ, բնականաբար, հունական երկու հանրապետությունները մտան նոր դաշինք: Սպասում ենք իրավիճակի զարգացմանը:

Սերգեյ Շաքարյանց