Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կիրառել և կիրառելու է ֆիզիկական ուժ. Արման Սարգսյան

Ոստիկանությունում վարակակիրները մոտ 100-ն են, կան մեկուսացվածներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ նշելով, թե վարակակիրների վիճակը կայուն է, եղել են այնպիսիք, որոնց վիճակը վատ է եղել, բայց այժմ ապաքինվել են:

Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ ոստիկանությունը որոշակի բացթողումներ ունեցել է՝ պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման առումով, ինչի արդյունքում էլ եղավ այս իրավիճակը, Սարգսյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ ոչ մի պաշտոնատար անձ չի կարող խոսել, որ ինքը բացթողումներ չի ունեցել, իհարկե, ունեցել ենք, բայց ես չեմ կարող չպնդել, որ ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է, որ պարետի որոշման պահանջները կատարվեն պատշաճ: Ես դուրս եմ գալիս պարբերաբար մեր ծառայությունները ստուգելու, և տեսնում եմ՝ որտեղ մենք անցակետեր ունենք, քաղաքացիները տեսնում են՝ ոստիկաններ կան, դիմակը դնում են և անցնելուց հետո նորից հանում: Ես ուզում եմ այստեղ ոստիկանության մեղավորությունը գտնել այն դեպքում, երբ մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքին կամ ամեն շքամուտքում, բակում ոստիկան կարգել: Դա անտրամաբանական է»,-ասաց նա՝ նշելով, թե իրենք վարչական մեթոդներ են կիրառել:

«Վարչական իրավախախտման վերաբերյալ ունենք շուրջ 20 հազար և ավելի արձանագրություն: Սկզբնական փուլում մեր քաղաքացիներից շատերը բերման էին ենթարկվում ոստիկանական բաժիններ, արձանագրություններ էին կազմվում, բայց նորից չէին պահվում կոնոնները: Վարքագծի կանոն պետք է կազմվի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դեպքեր կան, երբ հենց ոստիկանները դիմակներ չեն կրում, Սարգսյանն ասաց, թե ոստիկաններին չի արդարացնում, բայց 8 ժամ դիմակով արևի տակ ծառայում են, հնարավոր է՝ մի պահ իջեցնեն դիմակը:

Նա հայտարարեց նաև, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կիրառել և կիրառելու է ֆիզիկական ուժ. «Որովհետև ձեռնաշղթա ենք գցում, ասում են՝ ինչու եք ձեռնաշղթայով տանում, չենք գցում, ասում են՝ ինչո՞ւ ձեռնաշղթա չգցեցին, ոստիկանը փափուկ է, ասում են՝ թավշյա են, մոտենում ձեռք է տալիս, ասում են՝ բիրտ է: Թողեք՝ ոստիկանները դառնան անկաշկանդ՝ բացառապես օրենքի շրջանակներում»,-ասաց Արման Սարգսյանը՝ նշելով նաև, թե ոստիկանության շարքերում արատավոր երևույթների դեմ վերջին շրջանում իրեն հաջողվել է ինտենսիվ պայքար մղել, և Ոստիկանությունն ընդհանրապես կաշկանդված չէ: