Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քաղաքական կոնֆլիկտի ռազմական լուծմանը. kathimerini.gr

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քաղաքական հակամարտության ռազմական լուծմանը, գրում է kathimerini.gr կայքը:

«Վերջին շրջանում Թուրքիայի վարքը շատ ագրեսիվ է: Ես կարծում եմ, որ Հունաստանը նման վարքը հաղթահարելու համար մի կողմից կարող է գործի դնել իր ամբողջ դիվանագիտական զինանոցը, մյուս կողմից`հոգալ զինված ուժերի զսպող բաղադրիչի ամրապնդման մասին»,-հայտարարել է պաշտպանության նախարարը:

Լրագրողները ճշտել են, թե սա կարո՞ղ է համարվել վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսանդրոս Դիակոպուլոսի խոսքերի հաստատումը, որը հայտարարել էր Հունաստանի՝ ռազմական հակամարտության պատրաստակամության մասին: Պաշտպանության նախարարը հաստատել է Դիակոպուլոսի խոսքերը:

Թոշակի անցած փոխծովակալ Դիակոպուլոսը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Հունաստանի իշխանությունները պատրաստվում են իրադարձությունների ցանկացած զարգացման:

«Նա հայտարարել է, որ մենք պատրաստվում ենք ցանկացած տարբերակի: Ռազմական մասնակցությունը, անխոս, այդ թվում է: Մենք դա չենք ուզում: Բայց մենք մտադիր ենք հասկացնել, որ ամեն ինչ անելու ենք հնարավորինս պաշտպանելու մեր ինքնիշխան իրավունքները»,-ասել է Պանայոտոպուլոսը:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան բացել է Եվրոպայի դռները սիրիացի փախստականների համար: Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել էին շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: