Փաշինյանի խոսուն լռությունը

Միքայել Մինասյանի վերջին բացահայտումներից հետո օրեր են անցնում, իսկ պաշտոնական հերքում այդպես էլ չկա։ Այո,՛ ֆորմալ առումով բացահայտումներով զբաղվում են իրավապահները, սակայն՝ արդյո՞ք այդ հանգամանքը չեզոքացնում է պաշտոնական հերքման անհրաժեշտությունը․ իհարկե՝ ո՛չ։ Մինասյանի հրապարակած տեղեկությունները վերաբերում են ծանրագույն պետական հանցագործության, ինչն ի չիք է դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը։ Փաստենք՝ Փաշինյանի իշխանությանը մեղադրում են կոռուպցիոն սխեմաներով սպառազինության վերավաճառքի, ուռճացված գներով անպիտան սպառազինություն ձեռք բերելու մեջ։ Ցանկացած ադեկվատ իշխանություն այս դեպքում անհապաղ և փաստարկված կհերքեր հրապարակված տեղեկությունները, մինչդեռ՝ ականատեսն ենք լռության։ Այդ լռությունը խոսուն է, քանզի լռում է մեկը, ով բանակի թալանի թեման վերածել էր իր ծղրտան դեմագոգիայի գործիքի։ Եվ եթե չկա հերքում, ուրեմն՝ չկա ասելիք։

Այս օրերին Փաշինյանի իշխանությունը փորձում է ամեն կերպ շեղել հանրության ուշադրությունն այս սկանդալից։ Կորոնավիրուսի ահագնացող տեմպերն իսկապես կարող են ստվերել այս տեղեկությունների արդիականությունը հանրային ընկալումներում։ Մինչդեռ՝ այդ չհերքված տեղեկությունների ստեղծած վտանգներն ակնհայտ են։ Ստորև կանդրադառնամ այդ վտանգներից մեկին։

Ինչպես հայտնի է, նախորդ տարիների արդյունավետ դիվանագիտության արդյունքում ՀՀ-ը Ռուսաստանից ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն ռուսական ներքին գներով։ Վերջինս հայ-ռուսական ռազմավարական դաշինքի կարևորագույն գործնական արդյունքներից է, քանզի հենց այդ կերպ է, որ հնարավոր է լինում պահպանել հակառակորդի հետ սպառազինական հավասարակշռությունը։ Կրկին անգամ շետենք․ ադրբեջանական ագրեսիան կանխելու կարևորագույն գրավականներից մեկը ժամանակակից սպառազինության մատակարարումների անընդհատության ապահովումն է։  Պատկերացրե՞լ է արդյոք վարչապետի դերում այդպես էլ չկայացած Փաշինյանը, թե ինչ վտանգներ է ստեղծել Հայաստանի համար ռուսական ներքին գներով գնված սպառազինության մի մասը չորրորդ կողմին վերավաճառելու գործարքի գնալով։ Իսկ որ այդ գործարքը, որի մասին տեղեկությունները հերքված չեն, չէր կարող կայանալ առանց Փաշինյանի գիտության՝ կասկածից վեր է։ Մեկ այլ հանգամանք․ չէր կարող ակնհայտ չլինել նաև այն, որ եթե ռուսական կողմն այդ ինչ-որ չորրորդ կողմին չի մատակարարել տվյալ սպառազինությունը, ապա առկա են եղել ինչ-ինչ խնդիրներ։  Փաստորեն դաշնակից երկրի հետ հարաբերություններում արհեստականորեն ստեղծված խնդիրների հետևանքով վտանգվել է սպառազինության մատակարարման անընդհատությունը։ Կարծում եմ ավելորդ է ասելը, թե ի՞նչ է նշանակում մեր երկրի համար սպառազինության մատակարարումների ընդհատում երրորդ ադրբեջանական ագրեսիայի իրական սպառնալիքի պայմաններում։  Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր անպատասխանատվություն։ Եվ եթե սպառազինության մատակարարումներն այս ընթացքում չեն դադարել, ապա միայն այն պատճառով, որ ռուսական կողմը խոհեմ գտնվելով՝ չի դիմել այնպիսի քայլերի, որն առիթ կտար սորոսական հակառուսականությունը սպասարկող խամաճիկներին ռուսատյացության քարոզչություն ծավալել Հայաստանում։

Իշխանության ապալեգետիմացումը և բարոյական դեգրադացիան, սոցիալական հենարանից զուրկ լինելն այլևս փաստ է։ Իսկ նման իշխանությունը չի կարող ունենալ հեռանկար։

Դավիթ Ջամալյան

ռազմական փորձագետ