Մեկ օրում՝ շուրջ 3600 վարակակիր. Իրանում կորոնավիրուսը տարածման նոր թափ է հավաքել

Իրանում փետրվարի 19-ին կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից ի վեր նախօրեին կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել. մեկ օրում գրանցվել է շուրջ 3600 վարակակիր: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անցած օրում կորոնավիրուսով վարակման 3574 դեպք է բացահայտվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 164 270 է, ապաքինվել է 127 485 մարդ», – ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 59 մարդ, մահացածների թիվը հասել է 8 071-ի։

Իրանում վերջին ամսում կորոնավիրուսի թռիչքաձև տարածում է նկատվում։ Մայիսի սկզբին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ընդամենը 802 նոր դեպք էր գրանցվել, սակայն վերջին օրերին վիճակագրությունը միայն աճ է գրանցում։