391 հոգի ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի. Արսեն Թորոսյան

Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով վերջին օրվա կորոնավիրուսի վարակակիրների թվին՝ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ կրկին գրանցվել է մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվը՝  697 նոր դեպք, ինչի հետևանքով ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը և դարձել է 11 221:

«Կարող եմ ասել, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույնի շրջանակներում: Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, և թոքերի օդափոխության սարքերին միացած 15 հոգի»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին օրերին գրանցվել է վտանգավոր տենդենց, ու կրկին արձանագրվել են տարբեր դեպքեր արտադրական կոլեկտիվներում: Ըստ Արսեն Թորոսյանի՝ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում:

«Այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 %-ը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, և միայն մնացածն է, որ մնում է տանը, տնային բուժման՝ առողջության առաջնային պահպանության օղակի հսկողության տակ, և մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Եվ շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք էդ պրոցեսը ինչպես մինչ այս արել ենք, այսինքն՝ որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք հենց էդպես: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու էդ ամենը ապահովել, ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն, հիմնականում սրանից բխեն»,- նշեց նախարար Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այսօր հիմնական խնդիրն այն է, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր դրա կարիքն ունեցող քաղաքացիներին: