«Դա է ԱՄՆ-ի էությունը». Խամենեին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը համեմատել է այլ երկրների նկատմամբ Վաշինգտոնի պահվածքի հետ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ամերիկյան ոստիկանության գործողությունների պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը համեմատել է այլ երկրների նկատմամբ Վաշինգտոնի պահվածքի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իրավիճակը, որին այսօր ականատես ենք լինում Ամերիկայի տարբեր քաղաքներում և նահանգներում, այն իրականությունն է, որը թաքցնում էին․ դրանում ոչ մի նոր բան չկա», – ասել է Խամենեին։

«Այն, որ ոստիկանը կատարյալ սառնասրտությամբ իր ծունկը սեղմում է սևամորթ տղամարդու պարանոցին այնպես, որ նրան մահվան է հասցնում՝ չնայած վերջինիս աղերսներին, իսկ մյուս ոստիկանները նայում են և ոչինչ չեն ձեռնարկում, նոր բան չէ, սա է ԱՄՆ-ի էությունը։ Հենց դրանով է զբաղվել ԱՄՆ-ը ամբողջ աշխարհի՝ Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, ինչպես նաև շատ այլ երկրների նկատմամբ»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։