Քաղաքացիների հայտարարագրումը, գույքահարկի թանկացումը կխորացնեն սոցիալական անարդարությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, կառավարման մասնագետ Արթուր Խաչատրյանը։

Եվրահանձնաժողովը երեկ թարմացրեց այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Այդ սև ցուցակում են հայտնվել Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները: Այս որոշումը հետևել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և վեց հայկական ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում:

Նոր ցուցակով ընդհանուր առմամբ 96 մուտք արգելված է դեպի ԵՄ երկինք: Հայաստանը հայտնվել է հետևյալ երկրների կողքին՝ Աֆղանստան, Անգոլա, Կոնգո, Ջիբութի, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Ղրղզստան, Լիբերիա, Լիբիա, Նեպալ, Սան Տոմ և Պրինսիպեու, Սիեռա Լեոնե և Սուդան, ինչը Արթուր Խաչատրյանը երկրի հեղինակությանը լուրջ հարված է համարում: Ժամանակին մենք թույլ չտվեցինք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող ունենա, տեղական ավիափոխադրողի փոխարեն օտարերկրյա արտադրողների առաջ բացեցինք դռները, և այսօրվա վիճակը նաև դրա հետևանք է։ Այս իշխանությունները փոխանակ երկու տարիների ընթացքում շտկելու այդ խնդիրները, ավելի խորացրին այն, ինչը նրանց ապաշնորհության վկայությունն է։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նա հայտնեց Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մասին, այսինքն այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են և որոշ ժամանակ հետո մեխանիզմները գործի կդրվեն: Իսկ մայիսի 27-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով բարձրացվեց գույքահարկը: Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս երկու օրենքները գուցե առաջին հայացքից օգտակար են, սակայն կիրառման մեխանիզմների պատճառով հակառակ ազդեցություն կունենան՝ ավելի խորացնելով երկրում առկա սոցիալական անարդարությունը՝ աղքատներն ավելի շատ կհարկվեն՝ իրենց ունեցած եկամուտների համեմատ, քան աղքատները, որոնց հարկման շեմն ավելի ցածր է լինելու գույքահարկի դեպքում։ Նրա համոզմամբ՝ պետությունը նախ պետք է ունևորների ունեցվածը հայտարարագրելու խնդիր դներ, այլապես ստացվում է, որ ընկնելու է աղքատի ունեցվածքի հետևից՝ փորձելով հարկելու միջոցով ավելի կրճատել նրա եկամուտները, այնինչ այդ խավին հակառակը՝ պետությունը պետք է օգնության ձեռք մեկնի և հատուկ հարկման շեմ սահմանի։

Մանրամասները՝ տեսանյութում