Հարութ Սասունյան. Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկական կալվածքներին

2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» շաբաթաթերթի (The Jewish Press) հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը:

Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին [Իսրայելի լրատվական գործակալություն] պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին», գրել է Յեդիդը։

Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, ում պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS- ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։  Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան տեղը, որը հասկացել է՝ հայկական համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև», ասաց հայ զրուցակիցը։

Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքական կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։ Թեև իսրայելցի լրագրող Յեդիդը օգտագործում է «կոտորած» եզրը՝ համաձայն Իսրայելի կառավարության ժխտողական քաղաքականության, սակայն նա արագորեն շեղվում է այդ քաղաքականությունից ՝ բացատրելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի բնաջնջումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր՝ իր տարածքում գտնվող հայ բնակչության դեմ։ Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը, քրդերը և արաբները շարունակեցին կոտորել հայերին մինչև 1923 թվականը, և տարածված է այն կարծիքը, որ սպանվել է Թուրքիայի հայերի մոտավորապես կեսը՝ 1․5 միլիոն հայ»։ Թուրքերն ու քրդերը իրոք ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ, բայց ես տեղյակ չեմ արաբների կողմից հայերի որևէ կոտորածի մասին:

Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ վկայակոչելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի օրինակներ. «Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների արտահոսքը թուրքերին: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։

Յեդիդը վկայակոչել է ևս մեկ թուրքական ծրագիր՝  Երուսաղեմում քրիստոնեական կալվածքներին տիրանալու համար․ «Մի քրիստոնյա առևտրական, որը խնդրել է անանուն մնալ, ասել է՝ վերջերս թուրքերը Հորդանանի Վաքֆին [մահմեդական հիմնադրամ] փոխանցել են շատ հին սեփականության վկայականներ, մի քանիսը խիստ մաշված, ներառյալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և հայկական ու քրիստոնեական թաղամասերի գույքի սեփականության մասին փաստաթղթեր։  Առևտրականը, որը ցույց է տվել մի քանի վկայականների լուսանկարներ TPS-ին, ասել է, որ թուրքերը խնդրել են Վաքֆին հաստատել այն փաստաթղթերը, որոնք օգտագործվում են կալվածքները գնելու համար»: Հակասական է, որ թուրքական կառավարությունը իր արխիվներից չի բացահայտում մինչև ցեղասպանությունը հայերին պատկանող կալվածքների վկայականները, այնուամենայնիվ նա Հորդանանի Վաքֆին ուղարկում է սեփականության վկայականների պատճենները:

Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։
Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղավորման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։
Իսրայելցի լրագրողը ճիշտ է նշել, որ «Թուրքիան վերահսկում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները և դա համարում է Թուրքիայի ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող հարց, ըստ այդմ, թուրքերը չեն հրաժարվել Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձից ՝ դադարեցնել իրենց ոգեկոչման ջանքերը»։

Յեդիդը նաև հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է թուրքական զբոսաշրջությունը դեպի Երուսաղեմ՝ վճարելով Երուսաղեմում և Արևմտյան ափին մզկիթներ այցելելու ճանապարհորդության ծախսերը. «Թուրքական ոչ առևտրային կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով գործում են Երուսաղեմում՝ հիմնականում օգնելով «Մահմեդական եղբայրներին» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։ Հայկական թաղամասից մի աղբյուր ասել է, որ Հին քաղաքում վերջին շրջանում թուրք զբոսաշրջիկները նույնպես աշխատում են հայերի դեմ՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։ Հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել թաղամասի պատերին»:

Բացի այդ, թուրքական «Ժառանգություն» ընկերությունը Երուսաղեմում եռանդուն գործունեություն է ծավալում «կրթության, մշակույթի, անշարժ գույքի և բարօրության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսավորում է «ուղեկցող նախագիծը»` հազարավոր մահմեդական հավատացյալների մզկիթներ տեղափոխելու, ինչպես նաև տասնյակ հազարավորների սնունդը ֆինանսավորելու համար՝ Ռամադանի պահքն ավարտելու համար», հաղորդել է Յեդիդը։

Նմանապես, TIKA-ն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, ֆինանսավորել է մի քանի ծրագրեր Երուսաղեմում։ Տասնյակ մզկիթներ ու տներ են վերանորոգվել Թուրքիայի կողմից։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պետք է հակադրվի թուրքական ջանքերին՝ թույլ չտալով, որ տեղի հայերը վաճառեն իրենց գույքը թուրք գնորդներին: ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է օգնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգությունների փորձերին դիմակայելու համար։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր