Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների` նոր կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ կան

Փաշինյան, կարո՞ղ է երկիրը կործանես ու հետո ասես` ամեն դեպքում, շատ ցավում եմ, որ էսպես եղավ, բայց եղավ

Նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2-ով) Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ կան: Շատերը չեն հավատում այդ մասին նրա ասածներին և կարծում են, որ նա ստում է: Կասկածների հիմքը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ժպիտներն են ու ծիծաղն են այն տեսաուղերձի ընթացքում, որով նա ուղիղ եթերում հանդես գալով հունիսի 1-ի առավոտյան, հայտնեց նոր կորոնավիրուսով իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին: Հիմքերից մեկն էլ այն է, որ Փաշինյանը հայտնի է իր ստախոսությամբ, իսկ այդպիսի մարդուն հավատալն ընդհանրապես դժվար է:

Մարդը, որը վարակված է անկանխատեսելի ընթացք ունեցող նոր կորոնավիրուսով, ինչպե՞ս կարող է այդ մասին ոչ միայն այդպես անհոգ ու թեթև հայտնել, այլև տեղ-տեղ ժպտալով ու ծիծաղելով: Մանավա՛նդ որ, իր ասելով, ոչ միայն ինքն է վարակված, այլև վարակել է իր ընտանիքի անդամներին` կնոջը և երեք աղջիկներին, ավելին` բացի նրանցից, կարող է վարակած լինել կառավարության անդամներից ոմանց:

Ճիշտ է, Փաշինյանն ասաց, որ ինքը և իր ընտանիքի անդամները որևէ ախտանշան չունեն, այսինքն` նորմայից բարձր ջերմություն և այլն, սակայն ինչպես վկայում է աշխարհի անցած ամիսների փորձը, SARS-CoV-2-ով վարակվածների մի մասի մոտ վարակվածության սկզբնական շրջանում ախտանշանների բացակայությունը որևէ երաշխիք չէ, որ ջերմությունը և այլ ախտանշաններ ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ի հայտ չեն գա թեկուզ մեկ ժամ կամ 1 օր հետո, չկա նաև որևէ երաշխիք, որ հիվանդությունը չի ունենա թոքաբորբով ուղեկցվող ընթացք և նույնիսկ ճակատագրական ավարտ` անկախ վարակվածների տարիքից և խրոնիկ հիվանդություն չունենալու հանգամանքից:

Այն, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ  COVID-19-ի ախտանշանները կարող են հետո ի հայտ գալ, Փաշինյանն ինքն էլ չբացառեց. «Ասեմ, որ բոլորիս մոտ նույն վիճակն է, այսինքն` ջերմություն չունենք, ախտանշաններ չունենք, բայց նաև պետք ա հետևենք, բնականաբար, կարող է ինչ-որ մի պահի այդ ախտանշաններն ի հայտ գան»:

Ինչպես է վարակվել Փաշինյանն ըստ իր պատմածի

«Եվ ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել,- ասաց Փաշինյանը:-Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը ըտենց տպավորվել է շատ իմ մեջ, և համոզմունք կա, որ էդ դեպքի հետ ա կապված, մանավանդ, որ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի, արձանագրեցի` այդ բաժակը առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ, իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխել, բայց ենթադրում եմ, դրանից առաջ էլ նույն կերպ է եղել, և այդ աշխատողը, մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, հաստատվել է նրա մոտ նույնպես դրական, սա է ամբողջ պատմությունը»:

Փաշինյանի խոսքերն իրար չեն բռնում. եթե ինքը, իր ասելով, ֆիքսել, արձանագրել է բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը, նույնիսկ տեղում նկատողություն է արել և առաջարկել փոխել բաժակը, ապա, բնականաբար, ենթադրելի է, որ ինքն այդ բաժակից չի օգտվել, հետևաբար չէր կարող դրանից վարակված լինել աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Հակառակ պարագայում ստացվում է, որ Փաշինյանի ֆիքսելը, արձանագրելն ու նկատողություն անելը եղել են ձևական, և ինքը, այնուամենայնիվ, օգտվել է նշված բաժակից` ակնհայտորեն թերագնահատելով վտանգը և վատ օրինակ հանդիսանալով խորհրդակցության մյուս մասնակիցների համար, որոնց վարակված լինել-չլինելու վերաբերյալ, ի դեպ, որևէ տեղեկություն չի հայտնվել:

Ինչ նպատակ կամ նույնիսկ նպատակներ կարող են ունենալ Փաշինյանի տեսաուղերձը, ժպիտներն ու ծիծաղը

Եթե Փաշինյանն իսկապես ստում է իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ, ինչը միանգամայն հնարավոր է` վերը շարադրվածը նկատի ունենալու պարագայում, ապա նրա ժպիտներն ու ծիծաղը կարող են ունենալ նրան լսողների ու տեսնողների մոտ այն թյուր տպավորությունն առաջացնելու նպատակ, թե նոր կորոնավիրուսը, դրանով վարակվելը մի վտանգավոր բան չեն, եթե նույնիսկ ոչ միայն անձամբ, այլև ընտանյոք հանդերձ եք վարակված: Այսինքն` մտահոգվելու որևէ պատճառ չկա, կարելի է նույնիսկ ժպտալով ու ծիծաղելով այդ ամենի մասին պատմել, վարակվեք էլ, խնդիր` չիք, շատերիս մոտ կարող է նույնիսկ որևէ ախտանշան ի հայտ չգալ, հետևաբար շատերս կարող ենք նույնիսկ չիմանալ վարակված լինելու մասին:

Պարզ է, որ եթե մարդկանց թեկուզ մի մասի մոտ այսպիսի տպավորություն է առաջանում և ամրապնդվում է դարձյալ Փաշինյանի ասածով շատերի ենթագիտակցության ու գիտակցության մեջ մեխված այն խիստ վտանգավոր պատկերացումը, թե «Կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի», ապա նրանք կորցնում են իրենց անհրաժեշտ զգոնությունը, զգուշավորությունը, կամ եթե նախկինում էլ անզգույշ վարքագիծ են դրսևորել, շարունակում են նույն վարքագիծը` չնայած նորանոր վարակվածների ու մահացածների վերաբերյալ ամեն օր հրապարակվող տեղեկություններին, չնայած անհատական պաշտպանության, անվտանգության կամ հակահամաճարակային կանոնները խստագույնս պահպանելու մասնագետների և այլոց կոչերին, հորդորներին ու խնդրանքներին:

Վերոնշյալի պարագայում իմաստազրկվում են, իրենց արդյունավետությունն ու արժեքը կորցնում են հենց նույն տեսաուղերձի ընթացքում սիրելի հայրենակիցներին Հայաստանի գերագույն գլխավոր դեմագոգ ու մանիպուլյատոր Նիկոլ Փաշինյանի ուղղած խնդրանքն ու կոչը («Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ` անպայման պահեք հակահամաճարակային կանոնները…»), քանի որ նրա ժպիտներն ու ծիծաղը (ուրեմն նոր կորոնավիրուսով վարակվելը մի լուրջ կամ վտանգավոր բան չէ) այդ տեսաուղերձը դիտողներից եթե ոչ բոլորի, ապա շատերի մոտ ավելի ուժեղ տպավորություն են գործում, քան վերը մեջբերված խնդրանք-կոչը:

Եթե Փաշինյանը նույնիսկ չի ստում իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին, ապա որպես մարդ, առավել ևս` որպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որպես ՀՀ ղեկավար, պետք է իրեն հաշիվ տար, թե տեսաուղերձը դիտողների մոտ իր ժպիտներն ու ծիծաղն ինչ սխալ պատկերացում կարող են առաջացնել նոր կորոնավիրուսով վարակվելու վտանգավոր չլինելու վերաբերյալ, սխա՛լ տպավորություն, որը կարող է նույնիսկ ճակատագրական հետևանքներ ունենալ նրանցից թեկուզ մի քանիսի համար:

Պարզ է, որ որքան բթանում է հասարակության մի մասի զգոնությունը, որքան շատ մարդիկ չեն պահպանում սոցիալական հեռավորություն ու չեն օգտագործում շնչադիմակներ այնտեղ, որտեղ դրանց օգտագործումը հրամայական անհրաժեշտություն է (մինչ այդ արդեն իսկ եղած այդպիսի մարդկանցից բացի), այնքան շատ են լինելու նորանոր վարակվածները, COVID-19-ի հետևանքով մահացածները, ինչպես նաև այն վարակակիր անձինք, ովքեր չունենալով հիվանդության որևէ ախտանշան և չիմանալով իրենց վարակված լինելու մասին, բազմաթիվ անձանց շրջանում վարակի ակամա տարածողներ են:

Ընթերցողների մոտ հավանաբար հարց կառաջանա, թե Փաշինյանն ինչո՞ւ պետք է այդպիսի նպատակ ունենա, մի՞ թե վարակվածների ու մահացածների թվաքանակի մեծանալը կարող է նրան ձեռնտու լինել: Որպեսզի չկրկնենք այդ կապակցությամբ արդեն իսկ հրապարակված հնարավոր բացատրությունը կամ վարկածը, նշենք միայն, որ դրան կարող եք ծանոթանալ ընթերցելով «Ամուսինների` անկողնում պարտադիր շնչադիմակով ու ձեռնոցով լինելու վերաբերյալ. մնում է պարետատան այդ որոշումը» վերլուծականը:

Փաշինյան, կարո՞ղ է երկիրը կործանես ու հետո ասես` ամեն դեպքում, շատ ցավում եմ, որ էսպես եղավ, բայց եղավ

Ուշադրություն դարձնենք նաև նույն տեսաուղերձի ընթացքում Փաշինյանի վերոնշյալ խնդրանք-կոչի շարունակությանը. «Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ` անպայման պահեք հակահամաճարակային կանոնները, դե, այնպես ստացվեց, որ հակահամաճարակային կանոնները մեզ կոնկրետ էս դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպանման արդյունքում առնվազն կառավարությունից, կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել: Ամեն դեպքում, շատ ցավում եմ, որ էսպես եղավ, բայց եղավ»:

Ի՞նչ է նշանակում սա, արդյոք սա յուրօրինակ «մեսիջ» չէ՞, թե որքան էլ պահպանեք հակահամաճարակային կանոնները, միևնույն է, վարակվողը վարակվում է, նույնիսկ երկրի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին հակահամաճարակային կանոնների պահպանումը որոշակի այս դեպքում չօգնեցին… Ասածի արդյունքը կամ հետևանքը` բազմահազար մարդիկ չեն ջանա հակահամաճարակային կանոնները պահպանել` մտածելով, թե, միևնույն է, այդ կանոնների պահպանումը չօգնեցին նույնիսկ երկրի վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին:

Եթե Փաշինյանը ստում է իր և իր ընտանիքի անդամների` SARS-CoV-2-ով վարակված լինելու վերաբերյալ, ապա նրա սուտը, վերը նշվածից բացի, կարող է ունենալ նաև այլ նպատակներ, որոնց, սակայն, կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան