Հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտող յուրաքանչյուր քաղաքացի կենթարկվի պատասխանատվության. Ոստիկանություն

Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։

Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։ Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։

«Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Միասին անենք ամեն ինչ` համավարակի տարածումը կանխելու համար»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։