Մի սրեք, խնդիրը պարզաբանելն է, որտե՞ղ են հիմնադրամի գումարները, Դատախազությունը ոչինչ չունի՞ անելու (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նշեց, որ ամիսներ առաջ գրությամբ դիմել էր դատախազին, որտեղ նկարագրել է արդեն հայտնի «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամին չփոխանցված գումարների պատմության հետ կապված մի շարք հարցեր ու հարցադրումներ:

«Գրության մեջ Ձեզ խնդրել էի խնդիրն ուսումնասիրել և տալ քրեաիրավական գնահատական, անհրաժեշտության դեպքում  քրեական գործ հարուցել և այլն: Սրա վերաբերյալ ստացել եմ գրություն՝ Դատախազությունից պատասխան եմ ստացել, որտեղից  մեկ մեջբերում եմ անում՝ իմ կողմից մեջբերված աղյուսակներն իրենցից ենթադրում են ոչ թե ամիս-մուտք, այլ ամիս-պարտավորություն ցուցակային տվյալներ: Հիմա Ձեզ ցույց եմ տալիս վարչապետի ասած այն ամենապետական թուղթը, այդ թվում՝ կայքում առկա, որտեղ գրված է հավաքագրված գումար-կազմակերպությունների թիվ: Մի 350 հազար անգամ հարցրել եմ, թե այդ հիմնադրամի հաշվետվությունների հետ կապված ի՞նչ գաղտնիք պետք է լինի: Այդ հիմնադրամը գաղտնի գործողություններ իրականացնելու հնարավորություն ունի՞։ Այս հարցը բարձրաձայնում եմ և այս հարցի հետ կապված՝ օրերս Դատախազությունը խրոխտ հայտարարություն էր տարածել»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Պատասխանելով հարցին, Արթուր Դավթյանը նախ ասաց, որ Դատախազության բոլոր հայտարարություններն են խրոխտ, ավելին՝ պատգամավորի ուղղած հարցերի պատասխաններն իրավաչափ են:

Նա նաև նշեց, որ պատգամավորը լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ լիազորություններ ուներ ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն:

Արձագանքելով գլխավոր դատախազին՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց․ «Դուք եք գլխավոր դատախազը, ուրեմն՝ բարի եղեք, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պարզաբանումներ անել, Ձեր ձեռքին է իշխանությունը, ապարատը, լծակները: Կրկնում եմ՝ այս հիմնադրամը գաղտնիություն չպետք է ունենա, ես Ձեզ հարցրել եմ, թե որտե՞ղ են հիմնադրամի գումարները: Ինչ վերաբերում է իմ լիազորություններին, փառք Աստծո, իմ ընտրողները լավ գիտեն իմ լիազորությունների պատշաճ իրականացումը, չբռնեիք ինձ հանեիք հոգաբարձուների խորհրդից, որպեսզի ես իմ լիազորություններն իրականացնեի: Խնդրում եմ՝ մի սրեք, խնդիրը պարզաբանելն է, որտե՞ղ են հիմնադրամի գումարները, Դատախազությունը ոչինչ չունի՞ անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում