«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը և գործադիր մարմնի քարտուղարը հանդիպել են ԱՀ նախագահի և ԱՀ ԱԺ նախագահի հետ

Արցախի Հանրապետությունում գտնվող «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը հանդիպումներ են ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է հայկական քաղաքական ուժերի կողմից համազգային օրակարգի մաս կազմող Արցախի հիմնահարցերի վերաբերյալ ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն ընդգծել է, որ կուսակցության ծրագրերում Արցախը միշտ առանցքային դեր է ունեցել, պատրաստակամություն հայտնելով շարունակել մասնակցությունը Արցախի հետագա կայացման և զարգացման հայրենանվեր գործին:

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի ներկայացուցիչները քննարկել են համահայկական հարցերում քաղաքական ուժերի կողմից ընդհանրական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, և այդ համատեքստում հնարավոր համագործակցության հեռանկարները։

ԱՀ նախագահի և ԱԺ նախագահի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներհայկական և արտաքին քաղաքական մարտահրավերներին, դիտարկվել են դրանց արդյունավետ դիմագրավելու տարբերակները, նախանշվել են անելիքներն ըստ առաջնահերթությունների: