ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է «Արցախի ռամկավար ազատական կուսակցության» ներկայացուցիչներին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր` մայիսի 30-ին, ընդունել է «Արցախի ռամկավար ազատական կուսակցության» ներկայացուցիչներին:

Արթուր Թովմասյանն ասել է,  որ «Արցախի ռամկավար ազատական կուսակցության»-ն այն քաղաքական կառույցներից է, որը հայապահպանության գործում մեծ դեր ունի:

Ըստ ԱԺ նախագահի՝ իր հանդիպումների շարքը իմաստավորվում է նրանում, որպեսզի Արցախի բոլոր քաղաքական ուժերը լինեն միասնական ու հանդուրժող:

«Մեր նպատակն է, որպեսզի Խորհրդարանի աշխատանքները հնարավորության սահմաններում լինեն թափանցիկ ու հանրությանը հասանելի: Յուրաքանչյուր օրենքի նախագիծ ընդունելուց առաջ փորձելու ենք այն տեղադրել կայքում՝ արտախորհրդարանական ուժերի և անհատների կարծիքները լսելու և քննարկելու նպատակով: Մարդը պետք է արժեք դառնա Արցախում: մենք պետք է լինենք մարդասեր, և դա չպիտի լինի լոկ խոսքեր, այլ՝ պետք է գործով ապացուցենք»,-մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը և ներկայացրել օրակարգային հարցերը:

Ըստ «Արցախի ռամկավար ազատական կուսակցության» ղեկավար Բարդուղ Գալստյանի՝ արտախորհրդարանական ուժերը ոչ պակաս սրտացավ են Արցախի զարգացման գործում և պատրաստակամ են իրենց ներուժն օգտագործելու հայրենիքի զարգացման և շենացման գործում: