ՊԲ-ում պարբերաբար անցկացվում են սանիտարական միջոցառումներ (տեսանյութ)

ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող են որևէ կերպ նպաստել վարակի արմատավորմանն ու տարածմանը:

Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ: Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով: