Կկարողանա՞նք սեպտեմբերին լիարժեք սկսել դասերը. ԿԳՄՍ նախարարը պարզաբանում է (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է կրել դիմակներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի սեպտեմբերի 1-ից վերաբացել դպրոցները։

Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց  «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում։

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները մեր բնակչության շատ մեծ մասն են կազմում, և, ըստ էության, ամենամեծ համայնքն են։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք կկարողանանք սեպտեմբերին լիարժեք սկսել դասերը՝ պարետի ցուցումներին խստագույնս հետևելով»,- շեշտեց Հարությունյանը։

Անդրադառնալով ավարտական խնջույքներին, որոնք որոշ դպրոցներում, չնայած հորդորներին, կազմակերպվել էին, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այդ միջոցառումները վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։

Դիմելով աշակերտներին՝ Հարությունյանը նշեց, որ ներդասարանային միջոցառումներով իրենք հեռացնում են բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը։

«Պահելով անվտանգության կանոնները՝ մենք գրեթե զրոյի ենք հավասարեցնում վարակվելու հավանականությունը, և հնարավորություն ենք ունենում սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու։ Մենք մեծ ցանկություն ունենք դասընթացները սկսել, քանի որ որքան էլ մենք հաջողենք հեռավար կրթության ոլորտում, միևնույն է, այն ունի բացասական կողմեր»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ 2020-2021 ուսումնական տարում գուցե որոշակի իրավիճակներում փորձեն ապահովել տարրական դասարանների, առնվազն առաջին դասարանցիների ուսումը։

«Առաջին դասարանցիները պետք է գնան դպրոց, ծանոթանան այդ միջավայրին, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի հեռավար ուսուցման անցնելու, այդ աշակերտները կարողանան դասերը սովորել, ընկալել ուսուցչի ասածները»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում մարտի սկզբից փակ էին բոլոր ուսումնական հաստատությունները։ Դասերն իրականացվում էին հեռավար ձևաչափով։

Տեսանյութը՝

Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն…#ԿրիրԴիմակ#ՓրկիրԿյանքեր

Опубликовано Arayik Harutyunyan Суббота, 30 мая 2020 г.