«Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ»-4

Հարցրել է Ռաֆայել Իշխանյանը` Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնների առնչությամբ

Նախորդ հրապարակումը` այստեղ

Հայտնի մտավորական Ռաֆայել Իշխանյանն այս հարցը տվել է Մատենադարանում պահվող, գրաբարով գրված «Կանոնագիրք հայոց» ժողովածուից Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները աշխարհաբար արևելահայերենի փոխադրած գրող, թարգմանիչ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանին: Կարծում ենք, ոչ թե չիմացությամբ է Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները «հինգերորդ Ավետարան» անվանել (իրականում այն 5-րդ Ավետարան և, ընսհանրապես, Ավետարան չէ), այլ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները մեծապես կարևորելով:

Ներկայիս Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ Նոր Կտակարանից դուրս են թողնվել Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները:

Վերոնշյալ հարցադրմամբ և այս թեմայով մեր հրապարակման մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ, ընդգծել էինք, որ Առաքելական կանոնները պարականոն ինչ-որ գրվածք չեն, սակայն, դրանով հանդերձ, չեն ներառվել Նոր Կտակարանում` չնայած իրենց կարևորությանը և այն հանգամանքին, որ Կանոնները վերաբերվում են ոչ միայն առաքյալներին և նրանց գործի շարունակող անցյալի և մերօրյա հոգևորականներին, այլև Եկեղեցուն` լայն իմաստով, այսինքն նաև` Եկեղեցու յուրաքանչյուր շարքային անդամի, յուրաքանչյուր քրիստոնյայի, ինչպես Ավետարանները չեն վերաբերվում միայն հոգևորականներին:

Միաժամանակ ունենալով որոշ հիմքեր, առաջ էինք քաշել այն վարկածը, որ Առաքելական կանոնները կարող էին Նոր Կտակարանում միտումնավոր ներառված չլինել Քրիստոսամերժ հրեաների կամ մասոնների միջամտությամբ, քանի որ դրանում Քրիստոսամերժ հրեաների դեմ գրված բաներ կան: Կարդացեք Առաքելական կանոնները, և դրանում կհամոզվեք ինքներդ: Եթե մեր հոգևորականների, մասնագետների կողմից կա Առաքելական կանոնները Նոր Կտակարանից դուրս թողնելու այլ բացատրություն, սիրով ու հետաքրքրությամբ կծանոթանանք դրան:

Հիշեցնենք, որ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս (717 թվականից առ 728 թ.), աստվածաբան, իմաստասեր, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց» ժողովածուում: Առաքելական կանոնների` գրաբարից աշխարհաբար Մաքսիմ Ոսկանյանի կատարած փոխադրությունը` «Առաքելական կանոններ» վերտառությամբ առանձին գրքույկով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում 1995թ. հրատարակվել է Երուսաղեմի միաբան, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր- դեկան (1995 թվականից), լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ:

Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները, թարգմանչի բնորոշմամբ, «Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները»:

Արթուր Հովհաննիսյան

 

ԳԼՈՒԽ  ԺԸ

ՎԱՇԽԱՌՈՒՆԵՐԻՆ ՉՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ նա, ով փոխ է տալիս վաշխ ու տոկոս առնելու նպատակով, որպեսզի ագահությամբ իր շահը շահի, այդպիսիին հավատացյալների դասի մեջ մի՛ համարեք և մի՛ դրեք այդպիսիին քահանայության պաշտամունքի կարգի մեջ, քանի որ չի լսում այն պատվերը, որ Արարիչը տվեց Մովսեսին, թե. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ փոխ տվածը չպահանջեն թողության տարվա և յոթերորդ տարվա մեջ»: Այժմ որչա՜փ առավել ևս պատժի արժանի պիտի համարեք այդպիսիներին:

ԳԼՈՒԽ  ԺԹ

ԵԿԵՂԵՑՈՒ ԻՐԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ քահանայապետը, կամ երեցը, կամ եկեղեցու առաջնորդներից որևէ մեկը իշխանություն չունենա առանց իր պաշտոնակիցների համաձայնության որևէ իր եկեղեցուց վերցնելու, այլ միայն ամենքի միաբան որոշմամբ, և այդ թող միասին որոշեն, որպեսզի տրտմություն ու հերձվածողություն չլինի նրանց մեջ, որովհետև ամենքի միաբանությամբ քարոզչությունը լինում է հավատարիմ, հավատը՝ հաստատուն, ինչպես որ Փրկիչն է ասում. «ՈՒր երկու և երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ»:

ԳԼՈՒԽ  Ի

ՈՉ ԹԵ ԽՈՏԵԼԻԻՆ ԵՎ ԱՆԱՐԳԻՆ, ԱՅԼ ԱՆԱՐԱՏԻՆ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ որպես կարգն է քահանայության, ընտրվածները անարատ և մամոնայի կողմից սուրբ լինեն, եկեղեցու օրենքների ու կարգերի մեջ հմուտ, ոչ անարգներից, այլ ընտրվածների միջից ընտրվածին դարձնեն քահանայապետ, մարդկանց գլխավոր, միջնորդ Աստծո և մարդու միջև, որովհետև գլուխը և առաջնորդը ամենքին է երևում, որովհետև նա է պատասխանատու չարության և բարության, մեղքի և արդարության համար, որովհետև դետ և հովիվ է, ինչպես Սամուելը, որ շրջում և կարգեր ու հրամաններ էր արձակում՝ համաձայն Եզեկիելի մարգարեության:

ԳԼՈՒԽ  ԻԱ

ԱՆԸՆՉԱՍԵՐԻՆ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ովքեր որ միայն իրենց ստացվածքներով են (բավարարվում) և հեռու են մամոնայից, արծաթի շահի հետևից չեն գնում և ձեռքերը սուրբ են կաշառքներից, մտքերը՝ ազատ չարությունից և կատարյալ են իրենց խորհուրդներով, ի սեր Աստծո, նրա՛նք ընտրվեն Տիրոջ սեղանի պաշտոնյաներ, որովհետև, եթե ղևտացիները ամենայն ունեցվածքից, կալվածքից և եղբայրների բաժնից հեռանում և միայն իրենց ծառայությամբ էին մերձենում Աստծուն, որչա՜փ ևս առավել Նոր ՈՒխտի սպասավորները՝ միջնորդներն ու Քրիստոսի պաշտոնյաները պիտի լինեն անարատ և անմեղ:

ԳԼՈՒԽ ԻԲ

ԱՄԲԱՐՏԱՎԱՆՆԵՐԻՆ ՉՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ամբարտավանները, հպարտները, սեգերը, սնափառները, ատեցողները, «ուտողները‰, արբեցողները, ուսումը ատողները, քնեածները, ծույլերը, հմայողները, չարին նախանձավորները, չարին ցանկամիտները, պատվասերները, խստասիրտները, նեղսիրտները, ցոփասիրտները, հանդուգները, անգութներն ու անողորմները, կռվողներն ու ոխակալները, քսուներն ու շողոմները և ովքեր սրանց նման են՝ քահանայության պաշտոնին մոտ չգան, որովհետև գրված է. «Հեռո՛ւ գնացեք Ինձնից ամենքդ, որ անօրենություն եք գործում»:

ԳԼՈՒԽ ԻԳ

ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ինչպես Տերը հրաման տվեց և պատվիրեց մեզ. «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակվա՛ծ լինի երկնքում, և ինչ որ կապեք երկրի վրա, կապվա՛ծ լինի երկնքում», նույնպես և հրաման տվեց, քահանաներին և երեցության կարգ ունեցողներին՝ արժանիներին միաբան օրհնել և անարժաններին միաբան կապել և այդպե՛ս ընդունել: Եվ ում կապեն, կապվա՛ծ մնա, մինչև հնազանդվի առաջնորդին: Իսկ եթե նրանք, որոնց պարտքը չէ այդ կատարել, անարժանորեն որևէ մեկին եթե կապեն, պատիժ ու պատուհաս պիտի ընդունեն, քանի որ իզուր կապեցին: Բայց ովքեր որ կապվեցին, թող ախորժելով ընդունեն իրենց կապերը, որպես արժանի է կապվածներին:

ԳԼՈՒԽ   ԻԴ

ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ՕԾՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ մարդկանցից ոչ մեկը, որ քահանայության օծում չի ընդունել, չհանդգնի իշխանությամբ ասել որևէ բան՝ իբրև քահանա: Կամ քահանան աչառություն անելով չգործի որևէ բան՝ առանց օրենքների և իրավունքների, այլ արդարությամբ և անակնառությամբ:

ԳԼՈՒԽ  ԻԵ

ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ՊԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ոչ ոք երբեք չանարգի, չանգոսնի և չարհամարհի քահանային, նա, ով քահանային է անարգում, իմանա, որ Աստծուն է անարգում, որովհետև քահանան սպասավոր է ձեզ բարու համար, և հաշիվ է տալու ձեր հոգիների փոխարեն, չէ՞ որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին մի՛ բամբասիր»:

ԳԼՈՒԽ  ԻԶ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ նրանք, ովքեր դատավորի աստիճան ունեն և դատաստան տեսնելու իրավունք, եթե թերանան իրենց պարտավորության մեջ և երեսանց աչառություն անելով պարտավորեցնեն արդարին, իսկ պարտավորին արդարացնեն, նմանները այլևս չթողնվեն դատավորության կարգի մեջ և պատուհասի տրվելով՝ կշտամբվեն, որովհետև Մովսեսի աստվածային ձեռքով գրված օրենքները չիմացան, որ ասում է՝ «Դատաստանի իրավունքը մի՛ շեղիր‰ և «Իրավունք պահելու համար կաշառք մի՛ վերցրու»:

ԳԼՈՒԽ  ԻԷ

ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եթե մեկը ճշմարիտ վախճան ունենա, կամ Փրկչի անվանը հավատարիմ վկա լինելով խողխողվի անիրավների կողմից՝ իր նեղությունների մեջ խոստովանելով Քրիստոսին, և այդ Նրա անվան համար լինի, նրանց մահվան օրը նրանց հիշատակը կատարեն և նրանց ոսկորների նշխարները որպես պատիվ վերցնելով՝ փառավորեն Քրիստոսին, որ նրանց հետ, նրանց նման՝ մենք էլ այդպիսի համբերություն, հորդորում և մեր մեղքերի համար թողություն գտնենք և ունենանք:

ԳԼՈՒԽ  ԻԸ

ԹԱԳԱՎՈՐԻՆ ԲԵՄ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ թագավորները, որոնք հավատ ունեն սուրբ եկեղեցու նկատմամբ, և խոստովանում են Քրիստոսին, իշխանություն ունենան քահանաների հետ բեմ ելնելու, ինչպես Դավիթը, և նրանք, ովքեր Դավթի նման էին: Համաձայն մարգարեությունների, եթե թագավորը հույսը դրեց Տիրոջ վրա, Բարձրյալի ողորմությունից նրան մի՛ զրկիր, բայց այլ բան թույլ տալ էլ մի՛ համարձակվիր, որովհետև գուցե Ոզիայի պես պատուհասված իջնի վար:

ԳԼՈՒԽ  ԻԹ

ԴԱՎԹԻ ՍԱՂՄՈՍՆԵՐՈՎ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Եկեղեցում պաշտամունքի ժամանակ Դավթի սաղմոսներն ու օրհնությունները ասվեն, պաշտամունքը կատարելով օրըստօրե և ամեն ժամ, ինչպես գրված է մարգարեություններում և Դավթի ՃԾ սաղմոսում, ինչպես որ ասվել է. «Օրհնեցե՛ք Տիրոջը ամենայն ժամ, ամենայն ժամ իմ բերանի մեջ է նրա օրհնությունը» և «Տիրոջ օրենքի մասին խորհեցի ողջ ցերեկը և ողջ գիշերը»: Սաղմոս ասել և ի մտի առնել, թե. «Լսելի արեցի Նրա օրհնության ձայնը» և դարձյալ թե՝ «Սաղմոսնե՛ր ասացեք մեր Աստծուն և Թագավորին, սաղմոսնե՛ր ասացեք»:

ԳԼՈՒԽ  Լ

ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ ԲԱՑԻ, ԱՅԼ ԳՐՔԵՐ ԲԵՄԻՑ ՉԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Եկեղեցում ընթերցվեն Հին կտակարանը, Օրենքը, մարգարեներին և Նոր կտակարանը, և կարդացվածները լինեն մեր Փրկչի՝ Քրիստոսի կենարար չարչարանքների մասին, և ընթերցվեն ավետարանիչների գործերն ու թղթերը՝ ճշմարտության Խոսքի քարոզության վերաբերյալ: Նաև՝ Փրկչի աշակերտների վարդապետությունը, իսկ սրանցից ավելի բեմից չընթերցվեն:

ԳԼՈՒԽ  ԼԱ

ՍՈՒՐԲ ՍԵՂԱՆ ՏԱՔ ՀԱՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Պատարագի հացը նույն օրը եփվի և նույն օրը ելնի սեղան և իշխանություն չլինի հանկարծ թե՝ նախորդ օրվանը հանելու, այլ Մովսեսի օրինակի նման վարվել, որ չպակասեցրեց ջերմ հացը Տիրոջ երեսից: