Չինաստանում մերժվել է Ուհանի շուկայում կորոնավիրուսի ծագման վարկածը

Ուհանի Խուանան ծովամթերքի շուկան 2019-nCoV կորոնավիրուսային վարակի աղբյուր չի հանդիսացել: Այս մասին հայտարարել են հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի չինացի գիտնականները, գրում է «Դեյլի մեյլ» թերթը:

Նշվում է, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են այն կենդանիների նմուշները, որոնք վաճառվել են Չինաստանի առևտրի կետերում: COVID-19- ի համար նրանց թեստային արդյունքները բացասական են եղել: Սա նշանակում է, որ նրանք չէին կարող վարակել գնորդներին:

«Դուրս է գալիս, որ շուկան վարակի զոհերից մեկն էր», – ասել է կենտրոնի ղեկավար Հաո Ֆուն:

Ավելին, հաստատվել է այն վարկածը, որ վիրուսը առաջացել է չղջիկների մեջ, նախքան նրա փոխանցումը մարդկանց «միջնորդ կենդանու» միջոցով: Վարակման ճշգրիտ վայրը անհայտ է:

Ըստ Ջորջթաունի համալսարանի կենդանաբան Քոլին Կառլսոնի՝ Ուհանում ծովամթերքների շուկան, հավանաբար, դարձել է վարակի տարածման վայր, երբ մի մարդ վարակել է շատերին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուս է, ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես ստացել է COVID-19 անվանումը: ԱՀԿ-ը մարտի 11-ին հայտարարել է աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի մասին: