Մենք 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշներին. վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսի  համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ, երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի հաստատված 460 նոր դեպք: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Խոսքը 1 մլն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում: Համաճարակի տարածման այս տեմպը անկախ նրանից՝ որքան տոկոսն է ախտանշանով և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է, և քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր նաև բակերում ՀՀ կառավարության անունից ԱԼԻՆ ավտոմեքենաների միջոցով քաղաքացիները ստացել են ուղերձ: Վարչապետն ընդգծեց, որ պետք է բացառել առանց դիմակ, բացի  ընտանիքի անդամներից այլ անձանց հետ շփումը, խոսքը վերաբերում է նաև բակերում, շենքի այլ բնակիչների հետ, աշխատավայրերում անձանց հետ շփումից: Նա նաև նշեց, որ ընդհանրապես պետք է բացառվի որևէ անձի հետ շփում, եթե նա ընտանիքի անդամ չէ:

Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցուցանիշները գրանցվել էին մայիսի 24-ին՝ 452 դեպք, և մայիսի 27-ին՝ 442 դեպք: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 120 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մայիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 45 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 165-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297, փաստացի բուժվողներինը՝ 5214 (մեկ օրում ավելացել է 442-ով): Մեկ օրում թեստավորվել է 1111 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 56042 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ:

Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ:

Опубликовано ՀՀ կառավարություն Пятница, 29 мая 2020 г.