Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում կադրային նոր նշանակումներին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ փոփոխություններ են նախատեսվում նաև շրջվարչակազմերի ինստիտուտում:

Մասնավորապես՝ նախագահի հրամանագրով՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվելու Էրիկ Հարությունյանը, ով վեցերորդ գումարման Խորհրդարանում եղել է պատգամավոր:

Ա. Հարությունյանը համոզված է, որ Է. Հարությունյանը պատվով է կատարելու իր առջև դրված խնդիրները:

Հաջորդիվ ԱՀ նախագահը ներկայացրել է ԱՀ ԱԻՊԾ նախկին տնօրեն Վլադիկ Խաչատրյանի իրեն ուղղված նամակը՝ կապված հանրապետության տարածքում իրականացվող հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը անկորուստ կազմակերպելու ուղղությամբ:

«Մեր ամենամեծ խնդիրը լինելու է հակահրդեհային միջոցառումների իրականացումը: Բնական այս աղետը ամեն տարի տեղի է ունենում բերքահավաքի ընթացքում: ԱԻՊԾ նոր տնօրեն Կարեն Սարգսյանին ներկայացնելու ժամանակ՝ ես արդեն իսկ նշել եմ, որ դա լինելու է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս առումով կցանկանայի նշել, որ աշխատանքի թերացումներ են եղել Մարտունու և Քաշաթաղի շրջաններում: Մարտունու շրջանում աշխատանքները հիմնականում սկսվել էին, և վարչակազմի ղեկավարին հորդորել եմ էլ ավելի ակտիվացնել, իսկ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը կազատվի իր պաշտոնից՝ այդ աշխատանքներում պասիվություն ցուցաբերելու համար»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը: Արցախի Նախագահը նշել է, որ այդ վարքագիծը պետք է օրինակ լինի բոլորի համար, և, հանձնարարականները չկատարելու առումով, լինելու են նմանատիպ որոշումներ:

Իսկ մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվելու է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար: Վերջինս մինչ այդ աշխատում էր «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում: Այս համատեսքտում Ա. Հարությունյանն ընդգծել է, որ նշանակումները պետք է կատարվեն տեղական կադրերի միջոցով: