Արայիկ Հարությունյանը թող երբևէ չհավակնի ԵՊՀ ռեկտորի պաշտոնին. ԵՊՀ-ի ճակատագիրը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Մարտի 30-ին լրացել է 101-ամյակը բոլորած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, իսկ նոր ընտրություններ տեղի չունեցան, պատճառը կամ պատճառաբանությունը համավարակն է: Մարտի 23-ին էլ անորոշ ժամկետով հետաձգվեց ռեկտորի ընտրությունը, և այսօր մայր բուհը կառավարում է ռեկտորի պաշտոնակատարը, որի վերջնաժամկետը նույնպես շուտով կլրանա: Իսկ եթե հոգաբարձուների խորհուրդ չկա, ուրեմն բյուջեն էլ հնարավոր չի լինի կառավարել, նոր ռեկտոր ընտրել, ԿԳՄՍ-ն էլ կարծես թե չի շտապում ռեկտորի ընտրության օր նշանակել:  Ինչպե՞ս է նման պայմաններում կառավարվում բուհը, ի՞նչ վիճակ է մայր բուհում ընդունելությունների նախաշեմին և քննաշրջանի ընթացքում: Վահագն Վարագյանի տեղեկացմամբ, հեղափոխությունից անմիջապես հետո մայր բուհը հայտնվել է օրվա իշխանությունների թիրախում, և այնտեղ ամեն ինչ արվում է պառակտում մտցնելու, համալսարանականներին տարանջատելու և բուհի ներսում ատելության մթնոլորտ ձևավորելու համար:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր որևէ տարբերակ մտածել հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու համար, հաղորդման հյուրն ասաց, որ իր կարծիքով թե հոգաբարձուների խորհրդի, թե ռեկտորի ընտրությունները հետաձգելու իրական պատճառն ամենևին համավարակը չէ, այլ ժամանակ շահելն ու իշխանահաճո ղեկավարություն ընտրելը: ԿԳՄՍ նախարարը հավանաբար մտադիր է նախ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը հաստատելու ուղարկել ԱԺ, հետո միայն լծվել այդ գործերին: Իսկ նախագծով այնպիսի դրույթներ են նախատեսված, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նաև ԵՊՀ-ն իշխանության լծակների տակ պահել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Արայիկ Հարությունյանն է դիտարկվում որպես հավանական ռեկտորի թեկնածու: Համապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը: Վահագն Վարագյանը չի բացառում նաև դեպքերի նման զարգացումը՝ նշելով, որ հինգ ոլորտ ձախողած մարդը երբեք ոտք չի դնի ԵՊՀ, քանի որ գիտական դիմադրությունը մեծ կլինի, համալսարանում չեն հանդուրժի ռեկտորի պաշտոնում մեկին, որը գիտական, մասնագիտական և կազմակերպչական որակներով չի համապատասպանում ռեկտորին ներկայացվող պահանջներին:

Մանրամասները՝ տեսանյութում