Հունաստանում գտել են բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու միջոցը

Հունիսի 1-ից Հունաստանը կսկսի համընդհանուր ԲՑԺ-ի պատվաստումը՝ կորոնավիրուսային վարակից երկրի բնակիչներին պաշտպանելու համար: Այդ մասին հայտնում է Neakriti պորտալը:

Այս միջոցը հաստատվել է դեղերի ազգային գործակալության կողմից, իսկ պատվաստումները կիրականացվեն Աթենքում, Սալոնիկում, Պատրասում և Հունաստանի այլ քաղաքներում: Neakriti-ն հայտնում է, որ նմանատիպ քայլերի են դիմել նաև Գերմանիան, Ավստրալիան և Նիդեռլանդները:

ԲՑԺ-ի պատվաստումների արդյունավետությունը ապացուցվել է գիտնականների կողմից երեք տարի տևած ուսումնասիրության մեջ: Պարզվել է, որ պատվաստվածների շրջանում հինգ անգամ ցածր է շնչառական վարակների զարգացման ռիսկը: Ըստ մասնագետների՝ այս միջոցը կօգնի ռիսկային խմբի մարդկանց պաշտպանել կորոնավիրուսից:

«Երբ հատուկ պատվաստանյութ չկա, կոլեկտիվ իմունիտետը կարելի է զարգացնել ընդհանուր պաշտպանություն ապահովող պատվաստանյութերով, ինչպիսին օրինակ հակատուբերկուլոզային պատվաստանյութն է»,- հայտարարել  է Կապոդիստրիի ազգային համալսարանի պաթոլոգիայի և վարակների պրոֆեսոր Եվանգելոս Յամարելոսը:

Նա հստակեցրել է, որ նախքան պատվաստումը, հիվանդները թեստ կհանձնեն կորոնավիրուսի հակամարմինների դեմ:

ԲՑԺ-ը տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ է, որի հիմքում Mycobacterium bovis խոշոր եղջերավոր կենդանու տուբերկուլոզի թուլացած շտամն է: Մի շարք երկրներում այս պատվաստանյութն ստանում են բոլոր երեխաները՝ ծնվելուց անմիջապես հետո, և դրա ազդեցությունը տևում է ամբողջ կյանքի ընթացքում: Իդեպ մեր երկրում նույնպես նորածիններն ստանում են այս պատվաստանյութը:

COVID-19 համաճարակի հետ կապված առաջարկվել է, որ այն երկրներում, որտեղ ԲՑԺ-ի զանգվածային պատվաստումներ իրականացվել են, նոր կորոնավիրուսային վարակի և մահացության դեպքերը զգալիորեն ցածր են` կապված տուբերկուլոզի պատվաստանյութի ոչ հատուկ պաշտպանիչ ազդեցության հետ: Ռուսաստանում ԲՑԺ պատվաստումը պարտադիր է:

Կորոնավիրուսի համաճարակը տարածվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ընդհանուր առմամբ վարակվել է մոտ հինգ ու կես միլիոն մարդ, որից մոտ 350 հազար մարդ մահացել է: Հունաստանում վարակվել է գրեթե երեք հազար մարդ: