Կարգալույծ հոգևորականը իրականում կարկառուն հակաեկեղեցական է

Երկու տարիներ է անցել 2018 թ. իշխանափոխությունից, սակայն այս կարճ ժամանակահատվածում ի հայտ են եկել բազմաթիվ երևույթներ, որոնք դարձել են մեր հասարակության անհանգստությունների պատճառը։ Աննախադեպ իրադարձություններն ընդդեմ այնպիսի կարևոր ինստիտուտի, ինչպիսին եկեղեցին է, բազմաթիվ հետագծեր են թողնում, իսկ շատ հաճախ դառնում ազգային անվտանգության խնդիրներից մեկը։ Այս երկու տարվա ընթացքում մենք ականատեսն ենք դառնում, որ հայ հոգևորականների հասցեին համացանցում հնչում են զրպարտություններ, որոնք չեն ունենում համապատասխան գնահատականներ և զերծ են մնում պատկան մարմիների ուշադրությունից։ Սրա վառ օրինակներից են  հարձակումները Մայր Աթոռի և նրա գահակալի` Վահափառի վրա, որ այդպես էլ չունեցավ մեղավորներ և չպատժվեց ոչ ոք։ Սրբապղծության այս դրսևորումը թերևս ուղղորդվում էր մի շարք կարգալույծ հոգևորականների կողմից, ովքեր իրենց վարքի, անհարիր կեցվածքի պատճառով հայտնվել էին եկեղեցուց դուրս և փոխանակ ապաշխարելու` դավադրություններ էին հյուսում եկեղեցու հոգևոր դասի դեմ։

Այս մտահոգություններով նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը 2018 թ․ «Եկեղեցին պաշտպանող» նոր օրինագիծ ներկայացրեց, որը նորօրյա իշխանությունների կողմից ընդունվեց խիստ բացասաբար։ Ըստ օրինագծի, առաջարկվում էր սահմանել պետական պաշտպանություն հայոց սրբավայրերի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար: Մինչդեռ նորօրյա իշխանությունն ընդգծեց, որ իրենք ի զորու են պաշտպանելու Հայոց Եկեղեցին, բայց պարզվեց, որ Հայ Եկեղեցին պետք է պաշտպանել այս  իշխանություններից․ դա են վկայում «իմքայլական» բազմաթիվ պատգամավորների հոգևոր կյանքին վերաբերող ոչ կոռեկտ, ավելին` սեփական  տգիտությունն ընդգծող հայտարարությունները։

Այսպես, երեկվանից համացանցում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ հոգևորականի զգեստով մի անձ, ով ներկայանում է Տեր Սահակ անունով, անվստահություն է հայտնում գործող կառավարությանը և հայտարարում, որ Հայաստանում կորոնավիրուս գոյություն չունի։ Չէինք անդրադառնա այս անձի հայտարարություններին, սակայն ակնհայտ դարձավ, որ ոմանք միտումնաբար տարածում են նախկին հոգևորականի տեսաուղերձը։

Իսկ ո՞վ է Տեր Սահակը։ Այս անձի վերաբերյալ երեկ մամուլում ընդգծվեց հետևյալը, որ Տեր Սահակ կոչեցյալը 2004 թ․ հայրապետական հրամանով կարգալույծ է հռչակվել եկեղեցականին անհարիր վարքի համար և այլևս կոչվելու է իր ավազանի՝ Ռուբեն անունով։

Պարզվում է՝ կարգալույծ հոգևորականը լուրջ «ավանդ» է ունեցել նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման հակաեկեղեցական գործողություններում և առիթը բաց չի թողել հեռավոր Ֆրանսիայից ապատեղեկատվություններ տարածել եկեղեցու հասցեին։ Մինչ նոր իշխանությունները հրճվանքով հետևում էին և հանցավոր պարապությամբ թույլ էին տալիս եկեղեցու դեմ ծավալվող հակապետական գործողությունները, այս շարժումը հասցրեց մեր սրբազան եկեղեցիները դարձնել հեղափոխական տրիբունաներ, և պատահական չէ, որ այսօր նույն այդ շարժման հետևորդները լուրջ քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը։

Մնալով կոռեկտության մեջ՝ չենք ներկայացնում, թե Ֆրանսիայում բնակվող կարգալույծ հոգևորական Տեր Սահակն ինչպիսի համբավի տեր անձ է, միայն մի քանի դրվագ կներկայացնենք վերջին իրադարձություններց։ Այսպես, Ռուբենը (Տեր Սահակ) իր ֆեյսբուքյան էջում 2018 թ․ հրապարակել է Վեհափառ Հայրապետի հեռախոսահամարը և հրահանգել իր հետևորդներին՝ զանգահարել Կաթողիկոսին և անհանգստացնել նրան։

Անձնական տվյալները հրապարակելը քրեորեն հետապնդելի արարք է, սակայն այս ակցիա կոչվածը նույնպես մնաց ազգային անվտանգության ուշադրությունից դուրս։ Ռուբենը (Տեր Սահակ) այսքանով չհանգստացավ․ 2019 թ. Երևանի մի քանի եկեղեցիներում՝ Ս․ Զորավոր, Ս․ Սարգիս, Ս․ Աննա պղծվեցին Սուրբ Պատարագները։ Պարզվում է՝ Ռուբենը (Տեր Սահակ) ուղղորդել էր մի ընտանիքի` գնալ եկեղեցիներ և պատարագների ընթացքում ակցիաներ կատարել՝ գոռալով և ընդհատելով Պատարագները, սակայն այս իրադարձությունները ևս մինչ այսօր չեն ստացել համապատասխան գնահատականներ։ Պատարագների պղծման արարողությունը իրենց վրա էր վերցրել մի ընտանիք, որը հանրությանը հայտնի է իր հաշմանդամ աղջնակով․ ըստ ընտանիքի անդամների, իրենց հաշմանդամ երեխային բռնաբարել են բոլորը, այսինքն՝ նրանք մի մեծ ցուցակ ունեին բռնաբարողների, որոնց մեջ ներառել էին Ռուբենի (Տեր Սահակ) կողմից մատնանշած անձանց։ Հետաքրքրական է, որ այդ ցուցակում նաև կային նախկին գրեթե բոլոր նախագահները՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երևանյան եկեղեցիների վրա հարձակվող ընտանիքի անդամները Ադրբեջանի գործակալներ են։

Պարզվում է, որ այս ընտանիքը 2015-ից սկսած զբաղված է հակահայկական քարոզով, իսկ 2016-17 թվականներին էլ աղերսում էին Ադրբեջանի կառավարությանը իրենց փրկել Հայաստանից և ապաստան տալ Ադրբեջանում… 2017-ի հունվարին ազերիական գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեջբերում էին Թամելայի և նրա ամուսնու հակահայկական թեզերը` կապված Արցախի և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ…

Այս փաստերը մեզ լրջորեն խորհելու հիմքեր են տալիս.  նախկին հոգևորականի հայտարարությունները կարող են ազգային անվտանգության խնդիր հարուցել, բացի հակահեղափոխական մոտեցումներից, կան լուրջ փաստեր, որ այստեղ գործ ունենք մանիպուլիացիոն գործելակերպի հետ, ինչի միջոցով փորձ է կատարվում խաբեությամբ մոլորեցնել ու շփոթեցնել հասարակությանը:

Սարգիս Ղևոնդյան