Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ կարևորում է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։

Հարությունյանը նշեց, որ քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։

«Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։

«Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։