Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը

Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը: Ելնելով համավարակային իրավիճակից՝ այս տարի ավանդական մեծամասշտաբ միջոցառումներ չեն իրականացվում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խորհրդական Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ տոնը նշելու է Վրաստանի Զինված ուժերի հետ` Վազիանիի 4-րդ բրիգադի բազայում: Մարդաշատ միջոցառումներից խուսափելու նպատակով պետական հաստատությունները անկախության օրը կնշեն փոքր միջոցառումներով:

Վրաստանին շնորհավորել են ամերիկացի կոնգրեսմենները, մասնավորապես վերջերս գործող իշխանությունների քայլերը քննադատող, Վրաստանի բարեկամ Ադամ Կիզինգերը գրել է․ «Գամարջոբա Վրաստան. շնորհավորում եմ անկախության տոնի կապակցությամբ: Շատ կարևոր եք ԱՄՆ-ի համար, շարունակեք անել այն, ինչ անում եք»։

Անկախության տոնի կապակցությամբ Google որոնողական համակարգի լոգոտիպը փոխարինվել է Վրաստանի դրոշով, որը սեղմելու դեպքում բացվում է օրվա վերաբերյալ տեղեկատվություն: