Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական խորհրդատվությունների շրջանակներում մայիսի 25-ին հանդիպել է մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նախագահի ինքնաառաջադրված թեկնածուներ Աշոտ Դադայանի, Մելսիկ Պողոսյանի և Սերգեյ Ամիրյանի հետ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ նախագահական ընտրություններին 14 թեկնածուների մասնակցությունը, որն ի դեպ աննախադեպ էր, ողջունելի է:

«Միանգամայն համոզված եմ, որ այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: Անկախ քաղաքական հայացքներից, մենք` բոլորս, ունենք համազգային նպատակներ, որոնք պետք է օրակարգային լինեն բոլոր քաղաքական ուժերի համար: Գտնում եմ, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում: Մենք պարտավոր ենք հարգել մեր երկրի անկախությունը՝ տեսլականում ունենալով միասնական հայրենիքի գաղափարը, որը յուրաքանչյուր հայի երազանքն է»,- նշել է Ա. Թովմասյանը:

Նախագահի թեկնածուներ Աշոտ Դադայանը, Մելսիկ Պողոսյանը և Սերգեյ Ամիրյանը շնորհավորել են Արթուր Թովմասյանին՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նրանք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և պատրաստակամություն հայտնել տարբեր հարցերի շրջանակներում շարունակելու հանդիպումները: