Շվեդիան կորոնավիրուսից տուժած աղքատ երկրներին 38 միլիոն եվրո կտրամադրի

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ 380 մլն կրոն (մոտ 38 միլիոն եվրո) է նախատեսում հատկացնել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ֆինանսական մեծ խնդիրների առաջ կանգնած աղքատ երկրներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։

«Միջոցները հատկացվելու են հումանիտար օգնության համար սովորական բյուջեից և բաշխվելու են ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև»,- նշվում է հայտարարության մեջ։

Շվեդիայի միջազգային զարգացման գծով նախարար Պետեր Էրիկսոնի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով շատ աղքատ երկրներ հումանիտար աղետի շեմին են հայտնվել, և այս ճգնաժամային իրավիճակը կարող է միջազգային հանրության՝ նախկինում նման երկրներում մարդկանց կենսակերպը բարելավելու ուղղությամբ ներդրած բոլոր ջանքերը ջրին հավասարեցնել։

Ինչպես ասվում է գրասենյակի հայտարարության մեջ, համաշխարհային մարդասիրական ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ին ընդհանուր առմամբ  6,7 միլիարդ դոլար է անհրաժեշտ։