«Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ»-3

Հարցրել է Ռաֆայել Իշխանյանը` Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնների առնչությամբ

Նախորդ հրապարակումը` այստեղ

Հայտնի մտավորական Ռաֆայել Իշխանյանն այս հարցը տվել է Մատենադարանում պահվող, գրաբարով գրված «Կանոնագիրք հայոց» ժողովածուից Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները աշխարհաբար արևելահայերենի փոխադրած գրող, թարգմանիչ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանին: Կարծում ենք, ոչ թե չիմացությամբ է Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները «հինգերորդ Ավետարան» անվանել (իրականում այն 5-րդ Ավետարան և, ընսհանրապես, Ավետարան չէ), այլ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները մեծապես կարևորելով:

Ներկայիս Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ Նոր Կտակարանից դուրս են թողնվել Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները:

Վերոնշյալ հարցադրմամբ և այս թեմայով մեր հրապարակման մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ, ընդգծել էինք, որ Առաքելական կանոնները պարականոն ինչ-որ գրվածք չեն, սակայն, դրանով հանդերձ, չեն ներառվել Նոր Կտակարանում` չնայած իրենց կարևորությանը և այն հանգամանքին, որ Կանոնները վերաբերվում են ոչ միայն առաքյալներին և նրանց գործի շարունակող անցյալի և մերօրյա հոգևորականներին, այլև Եկեղեցուն` լայն իմաստով, այսինքն նաև` Եկեղեցու յուրաքանչյուր շարքային անդամի, յուրաքանչյուր քրիստոնյայի, ինչպես Ավետարանները չեն վերաբերվում միայն հոգևորականներին:

Միաժամանակ ունենալով որոշ հիմքեր, առաջ էինք քաշել այն վարկածը, որ Առաքելական կանոնները կարող էին Նոր Կտակարանում միտումնավոր ներառված չլինել Քրիստոսամերժ հրեաների կամ մասոնների միջամտությամբ, քանի որ դրանում Քրիստոսամերժ հրեաների դեմ գրված բաներ կան: Կարդացեք Առաքելական կանոնները, և դրանում կհամոզվեք ինքներդ: Եթե մեր հոգևորականների, մասնագետների կողմից կա Առաքելական կանոնները Նոր Կտակարանից դուրս թողնելու այլ բացատրություն, սիրով ու հետաքրքրությամբ կծանոթանանք դրան:

Հիշեցնենք, որ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս (717 թվականից առ 728 թ.), աստվածաբան, իմաստասեր, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց» ժողովածուում: Առաքելական կանոնների` գրաբարից աշխարհաբար Մաքսիմ Ոսկանյանի կատարած փոխադրությունը` «Առաքելական կանոններ» վերտառությամբ առանձին գրքույկով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում 1995թ. հրատարակվել է Երուսաղեմի միաբան, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր- դեկան (1995 թվականից), լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ: Մաքսիմ Ոսկանյանը գրքույկի վերջում ներկայացրել է, թե ով էր Ղուկաս Ավետարանիչը.

«Ղուկաս Ավետարանիչը Անտիոքից էր, արհեստով՝ բժիշկ: Քաջատեղյակ էր ասորերենին, եբրայերենին, հունարենին: Եվ երկրավոր բժիշկը լսելով Երկնավոր Բժշկի գործերի մասին, որ հրաշքով կույրին տեսողություն է շնորհում, քայլեցնում է կաղերին ու անդամալույծներին, կենդանացնում մեռելներին, ելավ-գնաց Նրա մոտ, լսածներն իր աչքով տեսավ ու հավատաց: Ապա դարձավ մերձակիցը Պետրոս և Պողոս առաքյալների, և երբ Մարկոսը և Բառնաբասը Կիպրոս գնացին, Ղուկասը Պետրոսի մոտ գնաց որպես գործընկեր և նրա հետ ճամփորդեց Հռոմ: Իսկ հետո, Պողոս առաքյալի հրամանով, եղավ Գաղղիայում, Իտալիայում, Դաղմատիայում և Մակեդոնիայում և որպես հոգևոր ու մարմնավոր բժիշկ՝ ամոքում ու հոգում էր հոտի կարիքները: Եվ առանց դեղերի, հրաշագործություններով՝ բժշկում էր հիվանդներին, շատերին այդպես վերադարձնելով Աստծո փարախը: Կրկին Պողոս Առաքյալի հրամանով էր, որ Ղուկասը գրեց իր անունով Ավետարանը: Գրեց ասորերենով: Տասը տարի անց գրեց նաև առաքյալների գործերի մասին, որ ուղղված էր Թեոպիլոսին: Առաքելական կանոնների վերջաբանից տեղեկանում ենք, որ Ղուկասը հրաման ստացավ գրի առնելու նաև եկեղեցու ընդհանրական կանոնները, որ առաքյալները սուրբ Հոգու առաջնորդությամբ միաբան կազմեցին առաքելության մեկնելուց առաջ՝ Վերնատան ժողովում: Ղուկասն ութսունն անց էր, երբ ավանդեց հոգին: Մարմինը գտնվում է Կ. Պոլսում և մինչև այսօր էլ նրա դամբարանի վրա բազմաթիվ հրաշքներ են կատարվում:

Սուրբ Ղուկասի մասին պատմում են, որ նա նաև ճարտար նկարիչ էր: Եվ առաջին անգամ Ղուկասն է, որ նկարել է Սուրբ Աստվածամորը՝ Հիսուս մանկանը գրկին: Այդ նկարը Պոլսից տեղափոխվեց Հռոմ, որտեղ մինչև այսօր էլ պահպանվում է (տե՛ս ներքևի նկարը)»:

Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները, թարգմանչի բնորոշմամբ, «Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները»:

Արթուր Հովհաննիսյան

 

ԳԼՈՒԽ  Զ

ԵՐԵՑՆԵՐ, ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ ԵՎ ԿԵՍՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե` երեցները, սարկավագները լինեն ինչպես Մովսեսը և Ահարոնը, և այնուհետև մատուցեն սրբության պաշտոնը՝ պատարագը և տերունական խորհուրդը: Իսկ կեսսարկավագները եկեղեցու համար են: Նրանք են եկեղեցու այրիներին ու վշտացյալներին տեսչություն անողները, ինչպես ղևտացիները, որոնք սպասավորություն էին անում ու զինվորական ձևով չէին իշխում. նույնպես էլ լինեն եկեղեցու համար: Եվ վայրաբար որևէ մեկը բեմի սրբությանը և օրենքի անոթներին չմոտենա, սարկավագները կարգված են երեցներին սպասավորելու, և ընտրյալները երեցներն են: Կաթողիկոսը դետ, գլուխ և օրենսդիր է ժողովրդի համար, որովհետև նրա բերանով է որոշվում ու վճռվում ամեն ինչ՝ Մովսեսի և Ահարոնի օրինակով:

ԳԼՈՒԽ  Է

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՑԻՆ ՏՈՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ մեր Տիրոջ և Փրկչի ծննդյան և հայտնության տոնը գլուխն ու սկիզբն է եկեղեցու տոների և հունվար ամսի վեցերորդ օրն է՝ ըստ հունարեն թվակարգի: Եվ մեծապես խմբվեն այդ տոնին ցնծությամբ, ուրախությամբ, սաղմոսներով, օրհնությամբ՝ հոգևոր երգերով հանդերձ: Ընթերցվեն մարգարեական և առաքելական գրքերի համապատասխան հատվածները:

ԳԼՈՒԽ  Ը

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻՑ ԱՌԱՋ ՔԱՌԱՍՈՒՆՕՐՅԱ ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Փրկչի չարչարանքների օրվանից առաջ քառասուն օր պահեցողություն կարգվի ամենայն չարությունից, մեղքերից և կերակուրներից, և ապա կատարվի չարչարանքների օրը, Տիրոջ պասեքը և Փրկչի հարության տոնը: Ընթերցվեն մարգարեների ու առաքյալների գրքերի այն հատվածները, որոնք պատմում են մեր Տիրոջ չարչարանքների ու հարության կանխասացության մասին: Քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն իսկ՝ տոների և տարեկանների Տերը, քառասուն օր և քառասուն գիշեր պահեց, նույնպես և Մովսեսը՝ Սինա լեռան վրա պահեցողությամբ խոսում էր Աստծո հետ՝ իբրև սիրելի բարեկամ, և Երկնավոր Մեծ Արքայի պատվին արժանացավ ու իր ահեղ լուսավորված երեսով Արքունական օրենքներն ու կանոնները բերեց ժողովրդին:

Եվ նախանձավոր Եղիան քառասուն օրվա պահեցողության շնորհիվ մեծամեծ նշաններ ու զորություններ գործեց. նույնպես և երեք մանուկները այս սուրբ պահեցողությամբ ազատվեցին մահվան դատապարտությունից ու ապրեցին: Աստծո հրեշտակը իջավ նրանց մոտ ու հանգցրեց բորբոքված բոցը, որի մեջ գցվել էին, և մանուկները օծեցին թագավորին գիտության ճշմարտությամբ, իսկ իրենք մնացին բարի անունով՝ արժանի լինելով Քրիստոսի արքայությանը:

ԳԼՈՒԽ  Թ

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ամենայն գրվածքները կատարելու համար Ավետարանն ընթերցվի, իբրև գրվածքների պատվական կնիք, և Ավետարանն ընթերցելիս ոտքի կանգնեն բոլոր մարդիկ ու ժողովուրդները և այդպես լսեն, քանի որ Ավետարանը ամեն մարդու փրկության ավետիսն է Կենարարի Խոսքով:

ԳԼՈՒԽ  Ժ

ՊԱՍԵՔԸ ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ՕՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ պասեքը կատարել հիսուներորդ օրը՝ Հարությունից հետո, և ապա կատարել առ երկնային փառավորյալ Հայրը համբարձման հիշատակի տոնը:

ԳԼՈՒԽ  ԺԱ

ՓՐԿՉԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Զատիկից մինչև քառասուներորդ օրը, մինչև Փրկչի համբարձում ուրախություն և ցնծություն լինի, որովհետև Տիրոջ հարության և առագաստը մտնելու օրերն են, ապա Համբարձման տոնից հետո պահեցողություն անել և հիսուներորդ օրը կրկին տոն կատարել ու ինչպես առաջին Զատիկի ժամանակ գառ մորթել:

ԳԼՈՒԽ  ԺԲ

ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եկամուտ ունեցող մեկը կամ որևէ բնակվող, որ չգիտի ճշմարիտ սուրբ եկեղեցու կարգերն ու օրենքները, որ կարգված են այստեղ, չլինի եկեղեցու առաջնորդ և հրամանատար, և մի՛ կարգիր այնպիսիներին, որոնք պոռնկացել կամ շնացել են, նաև՝ այլագործներին: Նրանց երեցության, սարկավագության և կամ եկեղեցու մեկ այլ սպասավորության մի՛ մերձեցնիր, այլև մի՛ կարգիր արատավորներին, որովհետև եթե հանդերձյալների ստվերները Մովսեսի պատվերով ընտրում էին անարատին՝ խորանի սպասավորության համար, որքա՜ն առավել ևս Նրա խոսքով, որ Նոր ՈՒխտի միջնորդն է:

ԳԼՈՒԽ  ԺԳ

ՄԱՆԿԱՆԸ ՈՒԹ ՕՐԱԿԱՆՈՒՄ ՄԿՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե ինչպես Աստված Աբրահամի հետ խոսելով ասաց. «Ձեր մանուկները ութ օրականում թլպատեք, և այդ լինի հավիտենական ուխտի նշան իմ և ձեր միջև», նույն ուխտը արեց նաև Մովսեսի հետ, որ, Արարչից հրաման առնելով, մշտիկով և զոպայով ջուր սրսկեց ժողովրդի վրա, որը և հեթանոսների մկրտության կանխատեսումն էր:

Մովսեսը և Ահարոնը օրինակում էին հանդերձյալների փոփոխումը ստվերագրին համապատասխան, որը հրամայում էր արտաքին սրահը լվանալ ու հետո մերձենալ սրբություններին: Այս մկրտությունն էր օրինակում Հեսու Նավեն՝ Հորդանանով անցնելիս ու պարգևների երկիրը մտնելով:

Այս մկրտությունն էր օրինակում մեծ մարգարեն՝ նախանձավոր Եղիան, որ անցավ Հորդանանի վրայով և բարձրացվեց, տարվեց երկնային Կենդանարարի մոտ: Եվ Եղիսեն էր, որ բերեց սափորը, որը նույնպես մկրտության կանխատեսումն էր: Կանանցից ծնվածների մեջ մեծը՝ կնքահայր Հովհաննեսը, որ արժանի եղավ մկրտել մեր անարատ Տիրոջը Հորդանան գետում, օրինակ դրեց Նոր ՈՒխտի և եկեղեցու մանուկների մկրտության համար: Եվ Տերը վերնատան մեջ լվանալով մեր ոտքերը, ջրի մկրտությամբ մեզ զորացնելով՝ անմեղացրեց ավազանի սրբությամբ ու աշխարհի համար մեզ թողեց որպես օրինակ, և մենք ասում ենք, որ քահանայության կարգով ութ օրվա մկրտված մանուկները լինում են Քրիստոս հագնվածներ և վկաներ, իսկ ովքեր, որ ջրի մկրտություն չունեն, նրանք իրենք իրենց իսկ արյամբ պիտի փրկվեն:

ԳԼՈՒԽ  ԺԴ

ՀԱՎԱՏԻ ՄԵՋ ԵՐԿՄԻՏՆԵՐԻՆ ՏԻՐՈՋԸ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԵԼ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եթե մեկը երկմիտ է հավատով և Տիրոջ ճշմարիտ պաշտամունքի մեջ չէ, այդպիսիին մի՛ ձեռնադրիր, որպեսզի այլոց համար հեղգության և չարության խմոր չլինի, ինչպես գրված է. «Անիծյա՛լ է նա, որ Տիրոջ համար հեղգությամբ է գործ գործում»: Այդպիսին խաբում է մարդկանց և ոչ թե Աստծուն, և այդ կամակորությունները չեն հաստատվի Նրա առաջ:

ԳԼՈՒԽ  ԺԵ

ՀՈԳԵՀԱՐՑԵՐԻ ՄՈՏ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ նա, ով սուտ երդում է տալիս կամ սուտ է վկայում և կամ գնում է կախարդների, հարցուկների, քաղդեացիների, վհուկների մոտ, հավատում ծնունդներին և աստղագուշակներին, ինչպես նաև նրանք, որոնք անաստվածներ են, այդպիսիների քահանայությունը խափանեցե՛ք և մի՛ թողեք, որ խառնվեն եկեղեցու պաշտոնին, և եթե ժողովրդի միջից են, ձեր կողմից մերժվեն և դուրս հանվեն:

ԳԼՈՒԽ  ԺԶ

ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴՎՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե` նա, ով սիրում է Քրիստոսամերժ հրեաներին և հաղորդակցվում նրանց հետ, նա լինի կցորդը Հուդա Իսկարիովտացու, ով սիրեց այն հրեաներին ու հեթանոսներին, որոնք երկրպագում են արարածներին և ոչ Արարչին: Այդպիսիին չթողնել եկեղեցի և թույլ չտալ բնակվել հավատացյալների մեջ: Այլ այդպիսիների համար որոշում հանվի և, ձեզանից դուրս բերվելով՝ իրենց հատուցումն ստանան: Եվ այդպիսիների մեջ մի՛ մնա, որովհետև դառնության արմատը երևալիս շատերն են պղծվում դրանով:

ԳԼՈՒԽ  ԺԷ

ՀԱՎԱՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒՐԱՑՈՂ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՀՐԵԱՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ՀԵՏ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եթե հրեաներից կամ հեթանոսներից մեկն ու մեկը գա ու խառնվի եկեղեցուն և նորից թողնի ու գնա իր բնությանը և դարձյալ նույն բանը կրկնի ու գա նույն պաշտոնին, որն անարգեց, մի՛ ընդունեք և մի՛ խառնեք ձեզ, այլ թող որոշմամբ ամենքի ստանա իր հատուցումը: Եվ մի՛ հաղորդակցվեք նրա ու նրանց հետ, ովքեր առնչվում են նրան:

Շարունակելի