Ստամբուլի հրեաները «նկատել են» Էրդողանի կողմից հնչեցված մեղադրանքները

Այո, Թուրքիայում, միանշանակ «ինչ-որ բան այն չէ»: Այդպիսի եզրակացության են հանգեցնում այս երկրից ստացվող տեղեկատվական հոսքերը, որոնցից նկատելի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը շարունակում են «փնտրել» մարդկանց շրջանակների և նույնիսկ ազգերի, որոնք ինչ-որ մի բանում «մեղավոր են» թուրքերի առջև: Ինչի համար մեղավոր՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ «մեղավորներին փնտրելը» այն նշաններից մեկն է, որը խոսում է երկրի կառավարման ձևերի ոչ պիտանի լինելու մասին: Ի դեպ, դա համարյա բոլոր երկրներում արդարացիորեն աշխատող միտք է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներ հանդիպում են ոչ միայն Թուրքիայում: Այսպիսով, «Yeni Safak» հրատարակչական խմբի «Gerçek Hayat» ամսագիրը, որը պատկանում է Թուրքիայի նախագահի փեսայի ընտանիքին, մեղադրանքներ է ուղղել Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի,  Ստամբուլի գլխավոր ռաբբի Իսահակ Կալևի և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հասցեին, հայտնում է AsiaNews (Հռոմ, Իտալիա) կայքը: Նրանց գրանցել են քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի աջակցության խմբում, որը արտաքսվել է ԱՄՆ՝ Էրդողանին դիմակայելու համար: Պարբերականի հատուկ հրատարակությունը նկարագրում է Գյուլենի շարժման պատմությունը, որը բնութագրվում է որպես «գեր-ահաբեկիչ», Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների և նրանց առաջնորդների հետ միասին, որոնք մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 16-ին հեղաշրջման փորձին աջակցելու համար: Մայիսի 12-ին livenews.am կայքում արդեն հաղորդվել է, թե ինչպես ռասիստորեն էր Էրդողանը խոսում հայերի և հույների մասին: Բայց այն, որ նրա շրջապատը, ընտանիքը (և, հետևաբար՝ ինքը) «հարձակում» կսկսեն քրիստոնեական եկեղեցու և հրեական սինագոգի դեմ՝ անակնկալ է:

Հերթական մեղադրանքների անհեթեթությունը, Գյուլենին և նրա FETÖ կազմակերպությանը ընդհանրապես որևէ մեկի հետ կապելու փորձը (և ինչու են Անկարայում «մոռանում», որ Գյուլենը ԱՄՆ հետախուզության գործակալ է, քանի որ նա ապրում է Ամերիկայում որպես քաղաքական ապաստանում) այնքան ակնհայտ է, որ տեղի են տվել նաև «նոր ամբաստանյալների» նյարդերը: Կոստանդնուպոլսի պատրիարքը հայտարարել է, որ այդ հայտարարությունները «ամբողջովին կեղծ և կողմնակալ են», իսկ նրանց «հրապարակումը հիասթափություն է առաջացնում քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների շրջանում և անպատասխանատու է, քանի որ այն խաթարում է մեր ժողովրդի միասնությունը»: Դժբախտաբար, նման հրապարակումները «ծայրաստիճան վտանգավոր են և կարող են առաջացնել ռասիզմի և անհանդուրժողականության վտանգավոր գործողություններ»: Դա հատկապես ուշագրավ է. ի վերջո, ո՞վ է ներկայիս Կոստանդնուպոլսի պատրիարքը: Հայաստանում դա քչերը գիտեն: Տեղեկացնենք. չնայած նա ծագումով հույն է, Դիմիտրիոս Արխոնդոնիս, բայց ուղեղով` թուրք ֆաշիստ է: Հավատարմորեն ծառայել է թուրքական բանակում 1961-1963 թվականներին, ընդ որում՝ որպես սպա։ Այսինքն՝ ռազմական պատրաստություն է անցել, անկախ նրանից, թե որտեղ՝ Թուրքիայում կամ ՆԱՏՕ-ի հաստատություններում: Իսկ հոգևորականի ուղին բռնեց… Վատիկանի գծով, ոչ թե որպեա «մաքուր» ուղղափառ: Ընթերցողները թող իրենք դատեն, թե Բարդուղիմեոսից ինչ ուղղափառ պատրիարք: Բայց, ինչպես տեսնում ենք, նրա նյարդերը տեղի են տվել Էրդողանի մեղադրանքների պատճառով:

Արձագանքել է նաև Ստամբուլի հրեական համայնքը. «Մենք դատապարտում ենք մեր գլխավոր ռաբբիի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներով առաջ բերված խտրականությունն ու սադրանքները: Այս ատելություն սերմանող հրապարակումները վնաս են հասցնում Թուրքիային: Մեր կողմից մենք հույս ունենք ճշմարտության անհապաղ վերականգնման համար»: Ապատեղեկատվական արշավները նախկինում ևս եղել են Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում: Բայց այսօր, փորձագետների կարծիքով, առաջին անգամ ոչ մահմեդական փոքրամասնությունները բացահայտորեն բողոքի ցույց են անում՝ հասկացնելով, որ նրանք չեն հանդուրժի նման չարաշահումներ, ինչպես նախկինում: Նշենք, ընդ որում՝ չենք հարցնի, թե ինչու է հայ համայնքը լռում: Հնարավոր է՝ այդպես ավելի ճիշտ է, չնայած, եթե «ըմբոստացել են» թուրքական բանակի նախկին սպան կամ Ստամբուլի հրեաները, ապա լուրջ հայերի համար դա պետք է ազդակ լիներ: Շարունակենք մտածել, շարունակենք «լուռ» հետևել Թուրքիայի ներսում իրավիճակի զարգացմանը…

Սերգեյ Շաքարյանց