ՔԿ-ՀՔԾ-ՔԿ. ի վերջո, ո՞վ հանձն կառնի քննել այս գործը

Կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Քննչական կոմիտեին:

Ինչպես գրել է 168.am-ը, այս տեղեկությունը հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, բայց թե ինչ հիմքով է գործը վերադարձվել ՔԿ-ին, ՀՔԾ-ից չմեկնաբանեցին:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանն էլ հաստատեց, որ քրեական գործը վերադարձվել է իրենց:

«Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվում են Հատուկ քննչական ծառայությունից տվյալ քրեական գործի վերադարձման հիմքերը, որից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասաց ՔԿ մամլո խոսնակը:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին ՔԿ-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Նկատի ունելալով, որ խոսքը պաշտոնեական դիրքի հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին էր՝ ՔԿ-ն հարուցված քրեական գործն ուղարկել էր ՀՔԾ:

ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակված նախարարը, ինչպես շատերն էին հասկացել,  Արմեն Աշոտյանն էր: Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան` նա ասել էր, որ որևէ ծանուցում չի ստացել և կխոսի դա ստանալուց հետո։

Նշենք, որ Աշոտյանը պաշտոնավարել է 2009-2016 թվականներին:

Ի դեպ, այսօր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երբ կա քաղաքական պատվեր, բայց գործն այնքան անհեթեթ է, որ անգամ ՀՔԾ-ն դրա տակ չի մտնում ու հարցը կրկին գցում Քննչականի գրպանը։

Էն մեծ-մեծ խոսացող քպ-ական որոշ դեպուտատներին ասեք, որ մեկ-մեկ ՀԺ կարդան»: