Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է

Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է` համաձայն Վրաստանի առողջապահության նախարարության կարգադրությունների: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

«Առաջին հերթին մենք զբոսաշրջիկներ կընդունենք, այսպես կոչված, կանաչ երկրներից և կանաչ տրանսպորտային միջանցքներից, որտեղ բնակչության՝ կորոնավիրուսով վարակման ցուցանիշը համեմատաբար ցածր է: Արտասահմանցի զբոսաշրջիկներին որոշակի պահանջներ կներկայացվեն երկիր մտնելու և երկրում շրջելու համար»,-ասել է Գամկրելիձեն:

Նա հայտարարել է, որ Վրաստանում անհանգստությամբ են հետևում հարևան երկրներում`Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում կորոնավիրուսային իրավիճակին:

Գամկրելիձեն նշել է, որ զբոսաշրջիկներին ներկայացվող պահանջները դժվարկատարելի չեն, առաջին հերթին դա վերաբերում է կորոնավիրուսի առկայությունը ժխտող փաստաթղթերին:

«Ամենայն հավանականությամբ զբոսաշրջիկների համար կստեղծվի, այսպես կոչված, COVID-19 անձնագիր, որը կհաստատի, որ զբոսաշրջիկը վերջին 72 ժամվա ընթացքում լաբորատոր թեստավորում է անցել, որի պատասխանը բացասական է»,-նշել է Գամկրելիձեն:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 723 դեպք, վարակման հետևանքով մահացել է 12 մարդ: