ԼՂ հիմնախնդրում մեր ուշադրությունը սևեռել ենք բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին. Լին Թրեյսի

Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հակամարտության կարգավորման մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։

«ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագահներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու իրենց հանձնառությանը:

Լին Թրեյսին նաև նկատեց, կարևոր է, որ գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումները շարունակվում են, դրանք լինում են առցանց:

«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջակցել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի այս հակամարտությանը», – ասաց նա։

Դեսպանը խոսեց նաև ԱՄՆ-ի կողմից ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու մասին՝ նշելով, որ հպարտ է դրա համար։

«Մենք կարծում ենք, որ վերջին տարիներին շուրջ 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել: Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,- ասաց դեսպանը։