Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Հայաստանի դռները փակել հայրենասեր հայ երիտասարդի առաջ (տեսանյութ)

Ամիսներ առաջ` 2019-ի նոյեմբերի 11-ին, անկախ Հայաստանի պատմության մեջ  բացառիկ դեպք գրանցվեց. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրին նրա կացության վկայականը և արտաքսեցին երկրից:

Ի դեպ հիշեցնեմ, որ  Անդրանիկ Հովհաննիսյանը «Օրբելի» կենտրոնի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում մեր երկիրը ներկայացնելու:  Ա․ Հովհաննիսյանին  արտաքսում  են  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Եվ դա արվում է առանց որևէ բացատրություն տալու։

Ահա այսպես, Հայաստանի իշխանությունը երկրի դռները փակեց ուսյալ հայ երիտասարդի առաջ, որը 8 տարի առաջ Ղազախստանից վերադարձել էր հայրենիք,  ընդունվել   Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան,  գերազանցությամբ ավարտել  և  իր գիտելիքները  ծառայեցնում էր ի նպաստ Հայաստանի: Մինչդեռ հեղափոխական իշխանությունը փակեց նրա առաջ երկրի ճանապարհը, և դա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի մեր  հայրենակիցներին դիմելով կոչ է անում` վերադարձեք  ու զարգացրեք երկիրը:

Ստորև ներկայացնում ենք կատարվածի նկարագրությունը Անդրանիկ Հովհաննիսյանի կողմից։

2019թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։ Մեկնելիս ՀՀ օդանավակայանի անվտանգության աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։ Անվտանգության աշխատակիցը վրդովվեց իմ առաջարկից՝ մոտենալ «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցներին և միասին ստուգել կացության քարտի վավերականությունը։

Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն։ Ես առաջին իսկ օրվանից պնդում էի, որ որևէ խնդիր կացության քարտիս հետ չկա։ Դրա մասին ինձ դեպքի ժամանակ ասում էին նաև «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցները՝ ստուգելով իմ անձնական տվյալները։

Նոյեմբերի 18-ին՝ դեպի Հայաստան իմ մուտքը արգելելուց 2 օր անց, ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության նախկին պետ Մ․ Բիչախչյանից տեղեկացա, որ իմ անունով մոտ 2 ամիս առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից նամակ է ուղարկվել, սակայն ես հնարավորություն չեմ ունեցել ստանալու այն, որովհետև ՕՎԻՐ-ի աշխատակիցների անփութության, թե դիտավորության արդյունքում՝ նամակն ուղարկվել է սխալ հասցեով։ Ասածներիս իրավացիությունը կարող եք ճշտել հենց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մ․ Բիչախչյանից։ Ստացվում է՝ այն նամակը, որը ես պետք է ստացած լինեի դեռ երկու ամիս առաջ իմ գրանցման և բնակության հասցեով (որը, ի դեպ, նշված է եղել իմ կացության քարտում), ստանում եմ իմ էլեկտրոնային փոստի հասցեին այն ժամանակ, երբ ես արդեն արտաքսված եմ երկրից և չեմ կարող մուտք գործել Հայաստան։ Ինչպես հասկանում եք, ես հնարավորություն չեմ ունեցել օրենքով սահմանված կարգով /երկամսյա ժամկետում/ ծանոթանալու տվյալ որոշմանը և բողոքարկելու այն դատարանում։ Նման հանգամանքներում երկրից ինձ արտաքսելը համարում եմ հակաօրինական:

Նոյեմբերի 19-ին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ իմ մուտքը դեպի Հայաստան արգելված է՝ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Զ ենթակետի համաձայն (https://www.aysor.am/am/news/2019/11/19/%D5%BA%D5%B8%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%A1%D5%AE/1630408)։ Համաձայն այդ հոդվածի՝ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

Նշված մեղադրանքը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իմ անձի հետ։ Հայաստանում բնակվելիս ո՛չ ուսման, ո՛չ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։ Ավելին, որևէ քննչական գործողություն ո՛չ այս ընթացքում, ո՛չ էլ նախկինում ինձ հետ չի՛ իրականացվել։ Ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունից, ո՛չ էլ ոստիկանությունից ինձ հետ երբևիցե չե՛ն կապվել։ Ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպես կարող է մարդ, ով Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքներ էր ներկայացնում,  միաժամանակ շարունակում էր ազատ ապրել Հայաստանում և աշխատել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում։ Ասեմ ավելին, մինչև իմ գործուղումը որևէ խնդիր չեմ ունեցել, և ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված 2020թ․ հունվար ամսին՝ հիմք ընդունելով միայն այն, որ իմ կացության մշտական քարտը ճանաչվել է անվավեր:  Փաստորեն, եթե իմ գործուղումը դեպի Տաջիկստան չլիներ, «վտանգավոր անձը» կշարունակեր բնակվել Հայաստանում։ Դեպքի առաջին իսկ օրվանից ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ, որ խնդրին տրվի արդար ու իրավական լուծում։ Քանի որ ես Ղազախստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապա առաջին հերթին դիմել եմ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության հյուպատոսին՝ Ասել Իսիմովային, ով անմիջապես սկսել է զբաղվել այս հարցով։ Նաև դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենին՝ Նարեկ Ադամյանին, ով ևս փորձել է պատկան մարմիններից տեղեկություն ստանալ ստեղծված իրավիճակի մասին։ Անգամ անձնական նամակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Սակայն, ցավոք, ՀՀ պատկան մարմիններից որևէ հստակ արձագանք այդպես էլ չի՛ տրվել։ Լավագույն դեպքում ՀՀ պատկան մարմինները հղում են անում ԱԱԾ-ի կողմից տարածված հայտնի ապատեղեկատվությանը, կամ ուղղակի լռում են։

Վերջերս դիմում-խնդրանք էի ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի բոլոր՝ 132 պատգամավորներին, այդ թվում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով իրենց իմ հարցով դիմել ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա անձամբ զբաղվի իմ հարցով, և տա հստակ լուծում՝ վերականգնելով իրավական արդարությունը։ Այս պահին 5 պատգամավոր է արձագանքել։ Նրանք ասացին, որ ցավում են ինձ հետ տեղի ունեցածի համար և առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեն ստանալ պարզաբանում: Կարող եմ նաև տեղեկացնել, որ իրենք ներկայացնում են երեք տարբեր խորհրդական ուժեր։ Ինչպես և նախկինում, հիմա էլ համոզված եմ, որ այս հարցին միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է լուծում տալ։

Այս ապօրինի և անարդար անհեթեթության հետևանքով արդեն իսկ յոթ ամսից ավելի է ես չեմ կարողանում վերադառնալ Հայաստան։ Ցավոք, անարդարությունն այս հարցի վերաբերյալ դեռ շարունակվում է։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ,

Ղազախստանի Հանրապետության քաղաքացի՝

Անդրանիկ Հովհաննիսյան

Մանրամասները՝ տեսանյութում