Վարկերի վճարումը կհետաձգվի ևս երեք ամսով․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի քաղաքացիների համար, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պատճառով, վարկերի վճարումը կհետաձգվի  ևս 3 ամսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Մենք որոշում ենք ընդունել, որը ենթադրում է հետևյալը. քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, հաջորդ 3 ամիսներին հնարավորություն կունենան չվճարել վարկերը: Բացի այդ, բոլոր քաղաքացիները, որոնց եկամուտը նվազել է ճգնաժամի շրջանում, կարող են դիմել բանկ՝ վարկերը վճարումը հետաձգելու համար»,-ասել է Գախարիան:

Վրաստանի կառավարության գնահատմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկիրը զրկվել է մինչև 350 հազար աշխատատեղից:

Իշխանությունները 460 մլն լարի (ավելի քան 144 մլն դոլար) են տրամադրել 350 հազար քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը:

Կառավարությունը նաև 83 մլն լարի (ավելի քան 25,9 մլն դոլար) են տրամադրել սոցիալապես անապահով անձանց աջակցության համար: